Քննարկում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման գործընթացի շրջանակներում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ԱԸՊ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկում է ունեցել, որին մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:

Քննարկման ընթացքում Արա Մկրտչյանը կարևորել է էկոնոմիկայի նախարարության ակտիվ ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ ԱԸՊ համակարգը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է միջգերատեսչական համատեղ մոտեցում։ Նախարարի տեղակալը նշել է, որ համակարգի ներդրումը կարող է էականորեն բարելավել թափոնների կառավարման ամբողջ շղթան՝ սկսած հավաքումից և տեսակավորումից մինչև վերամշակում՝ ապահովելով ավելի կազմակերպված ու վերահսկելի գործընթացներ։

Նշվել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է ներդնել ԱԸՊ համակարգ՝ օրենսդրական մոտարկումներ իրականացնելով ԵՄ թափոնների մասին հրահանգի պահանջներին համապատասխան։ Այդ նպատակով, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման համակարգի բարելավման» 4-ամյա ծրագրի շրջանակում, շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և ՀԱՀ «Հակոբյան բնապահպանական կենտրոնի» փորձագիտական թիմի աջակցությամբ մշակվել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայում գտնվում է կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) վերջնական փուլում։

Քննարկման մասնակիցները շեշտել են, որ ԱԸՊ համակարգի ներդրումը միաժամանակ լուծում է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական խնդիրներ։ Այն նպաստելու է թափոնների կառավարման ֆինանսական բեռի արդար բաշխմանը՝ ավելի մեծ պատասխանատվություն դնելով թափոն առաջացնող արտադրողների/ներմուծողների վրա, ինչի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել վերամշակման շուկան, խթանել ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր և քայլ առ քայլ ձևավորել շրջանաձև տնտեսության սկզբունքներին համապատասխան համակարգ։

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում համակարգը կկիրառվի մի շարք առաջնահերթ ուղղությունների նկատմամբ՝ փաթեթավորման թափոններ, մարտկոցներ, անվադողեր, յուղեր և ֆիլտրեր, ինչպես նաև էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ։ Այս ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված խմբերը լայն սպառում ունեն, արագ թափոն են դառնում և, ճիշտ կառավարման դեպքում, ունեն վերամշակման ու կրկնակի օգտագործման բարձր ներուժ։

Leave a Comment