
Արաբական Միացյալ Էմիրություններից Օմանի միջոցով արդեն իսկ Հայաստան է վերադարձել 110 ՀՀ քաղաքացի, որոնք Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով չէին կարողանում վերադառնալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հարցին։
«Իրանի շուրջ իրավիճակի լարումից հետո և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանությունները բերվել են աշխատանքի արտակարգ աշխատանքի ռեժիմի, կապ է հաստատվել Հայաստանի քաղաքացիների հետ, և հիմա ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
Իհարկե, բարդություններն ակնհայտ են, գրեթե բոլոր վերաբերելի երկրներում փակ թռիչքային գոտի է հայտարարվել, չեղարկվել են թռիչքները։ Օրինակ, ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, և, օգտվելով այդ հնարավորությունից, մենք կազմակերպել ենք և կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխությունը ԱՄԷ-ից դեպի Օման, որտեղից էլ թռիչքներ ենք կազմակերպում դեպի Երևան»,- մանրամասնել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև պարզաբանել է, թե որն է այս գործընթացում Հայաստանի արտաքին գործերի նախարարության դերակատարումը։
«ԱՄԷ-ից մարդկանց Օման տեղափոխելու պարագայում խոսքը շուրջ 400 կիլոմետրի մասին է, մեր գործն է տրանսպորտային տեղափոխության կազմակերպումը, ընկերություններ գտնելը, նրանց վճարելը, քանի որ տեղափոխությունը հոգում է Հայաստանի կառավարությունը։ Մեր աշխատանքն է նաև ԱՄԷ-ից դեպի Օման մարդկանց անվտանգ անցումն ապահովելը, նրանց մինչև օդանավակայան հասցնելը, ձևակերպումների կազմակերպումը։ Իհարկե, նաև թռիչքների թույլտվությունների ստացումը կազմակերպվել է ԱԳՆ-ի կողմից՝ որոշ դեպքերում ավիաընկերությունների հետ բանակցելով։
«Արդեն երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 Հայաստանի քաղաքացի է վերադարձել, վաղն էլ, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ են թռիչքներ դրված։ Իհարկե, նաև մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից։
Մենք մշտապես կապի մեջ ենք գրեթե մեր բոլոր քաղաքացիների հետ։ Մենք Օմանում ունենք երկու քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու։ Նաև հեռավոր Արևելքից երկու քաղաքացի եկել են Օման և այնտեղից տեղափոխվել են Հայաստան։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ։ Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, բայց առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորն անվտանգ են։ Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորն ապահովված են հյուրանոցներում, սննդով։ Դոհայում մնացած քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել, դեսպանության միջոցներով այդ դեղորայքը հասցվել է։
Վիետնամում ունենք 1 քաղաքացի, որը Բահրեյնում մշտական կացության իրավունք ունի, որն ընդհանրապես ցանկություն չունի վերադառնալու։
Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով և «Սևան ստարտափ»-ի ծրագրի շրջանակներում, Շրի Լանկայում ունենք քաղաքացիներ։ Բոլոր տեղերում նախ մեր քաղաքացիների հետ կապ ունենք, երկրորդ՝ փորձում ենք նրանց վերադարձնել, հաճախ ստացվում է, երբեմն ուղղակի անհնար է, որովհետև թռիչքային փակ գոտիներ կան և այլն»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով Կառավարության հասցեին հնչող քննադատություններին, թե քաղաքացիները մինչև ընդհուպ 1400 դոլար գումար պետք է վճարեն Օմանից Երևան հասնելու համար՝ Միրզոյանն ընդգծեց, որ Կառավարությունն ապահովում է քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ-ից Մասկատի օդանավակայան, իսկ մնացածը մասնավոր ավիաընկերության դաշտում է։
«Մենք բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք հասկանանք, որ այդ թռիչքը սովորական ճանապարհով չի իրականացվում, որովհետև այդ սովորական թռիչքուղին փակ է։ Դա նշանակում է օդում կրկնակի, եռակի ժամանակ, ըստ այդմ՝ նաև ծախսեր։ Օրինակ՝ ինձ ասել են, որ մեկ թռիչքի ինքնարժեքը 170 հազար դոլար է, եթե դա բաժանում ես պայմանական 200 քաղաքացու վրա, արդեն կարող ես ֆիքսել, որ ինքնարժեքն իսկապես արդեն մեծ տոկոս է։ Ես իսկապես գները չգիտեմ, ես՝ որպես կառավարության անդամ, հոգ եմ տարել այն մասին, որ մեր քաղաքացիները վերադարձի հնարավորություն ունենան, ճանապարհի մի մասն էլ տեղափոխել եմ։ Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ զբոսաշրջային նպատակներով։ Կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ. մի մարդ, որը համարյա մեկ ամիս է՝ Շրի Լանկայում է ու ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է հրապարակել, նշանակում է վճարունակ է, չէ՞, կարող է տոմս գնել և վերադառնալ։ Մի փոքր արդար չէ պահանջը Կառավարության նկատմամբ՝ նաև այդ տոմսը գնել, այն տոմսը գնել։ Կլինե՞ն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք և կդիտարկենք նաև ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը»,- եզրափակել է Միրզոյանը։