Այդ գլուխգործոցը պաշտոնապես վերագրվել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտին․ խոսքը «Զաքարիայի տեսիլքը տաճարում» (1633 թ.) կտավի մասին է, որը 1960 թվականին դուրս էր մնացել վարպետի հաստատված գործերի ցանկից։ 1961-ին այն վաճառվել էր մասնավոր հավաքորդի, ինչից հետո տասնամյակներ շարունակ նրա գտնվելու վայրը անհայտ էր։
Նկարը կրկին ի հայտ է եկել, երբ սեփականատերերը դիմել են Rijks թանգարանին փորձաքննության համար։ Թանգարանը երկու տարվա ընթացքում իրականացրել է մանրակրկիտ ուսումնասիրություն՝ վերլուծելով ներկանյութերը, փայտե վահանակը, նկարչական տեխնիկան և շերտերի կառուցվածքը։ Փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ օգտագործված նյութերը համապատասխանում են Ռեմբրանդտի 1630-ականների աշխատանքներին, իսկ ստորագրությունը բնօրինակ է։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ գործը բնորոշ է Ռեմբրանդտի վաղ շրջանի բարձրակարգ աշխատանքներին։ Կտավը պատկերում է աստվածաշնչյան դրվագը, երբ Զաքարիա քահանային տեղեկացվում է, որ նա որդի է ունենալու՝ Հովհաննես Մկրտչին։ Նկարը ստեղծվել է այն ժամանակ, երբ Ռեմբրանդտը հիմնականում զբաղվում էր դիմանկարներով, ուստի այս շրջանի պատմական-կրոնական թեմայով գործերը քիչ են։ Նկարը կներկայացվի հանրությանը թանգարանում։
