21-րդ դարում, երբ հայության մեծագույն հատվածն ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս, ազգային ինքնության պահպանումը դարձել է ոչ միայն հրամայական, այլև նուրբ ու բարդ արվեստ:
Ինչպե՞ս կապել արմատներից կտրվող սերնդին մայր հողի հետ. այս առաքելությունն իրենց ուսերին են վերցրել «ՄԱՄ» կրթական հարթակի հիմնադիր-տնօրեն Մարինե Ղազարյանը և «Մենք» ազգային պարի խմբի հիմնադիր, պարուսույց Ստեփան Թորոյանը։ Նրանց համատեղ նախագիծը՝ ուղղված Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը, ապացուցում է, որ լեզուն ու մշակույթը այն զորեղ զենքերն են, որոնք ունակ են հաղթահարել ցանկացած հեռավորություն:
Կրթությունը՝ որպես Սփյուռքը դեպի Հայաստան ուղղորդող ուժ

2020 թվականի պատերազմից հետո ստեղծված «ՄԱՄ» օնլայն դպրոցը ծնվեց որպես շարժում, որի գերնպատակը Սփյուռքը Հայաստանին միավորելն էր: Դպրոցի հիմնադիր Մարինե Ղազարյանի խոսքով՝ տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Սփյուռքում ապրող մանուկներին ու երիտասարդներին հայեցի կրթելու համար պետք է «զինել» տեղի ուսուցիչներին։ Այսպես ծնվեց ութամսյա վերապատրաստման ծրագիրը, որն այսօր համախմբում է մանկավարժների աշխարհի ավելի քան 40 երկրներից՝ Կանադայից մինչև Արգենտինա, Ավստրալիայից մինչև Սինգապուր: «Սփյուռքի այդ հսկայածավալ ներուժն ուղղել դեպի Հայաստան և նրանց հետ աշխատանք տանելը շատ-շատ կարևոր ենք համարում: Սփյուռքի ուսուցիչներն ունեն մի յուրահատուկ գիծ. նրանք բոլորն ունեն մեծ մոտիվացիա՝ հայ պահելու իրենց աշակերտներին», — նշում է Մարինե Ղազարյանը: Նա ընդգծում է, որ Հայաստանից ուղարկված դասագրքերով անհնար է կրթել սփյուռքահայ նոր սերնդին: Մոտեցումները պետք է լինեն նորարարական, ինտերակտիվ և, որ ամենակարևորն է, երեխայի առօրյա կյանքին ու հոգեբանությանը մոտ:
Պարը՝ հոգեհուզական կապի ամենակարճ ճանապարհ
Որպեսզի կրթությունը չմնա զուտ ակադեմիական մակարդակում, «ՄԱՄ»-ի ծրագրին միացավ «Մենք» ազգային պարի խումբը: Ըստ Ստեփան Թորոյանի՝ արվեստի ճյուղերից հենց պարն է այն բանալին, որն ամենաարագն է բացում հայ մարդու գենետիկ հիշողության դռները: «Պարի միջոցով նրանք կարողանում են ազգային հույզերի ամբողջ բույրը զգալ միանգամից, տեսնել այն ամբողջ ներկապնակը, հասկանալ՝ ինչ գույներից է բաղկացած հայկական հոգին: Ցանկացած շարժում ունի հազարամյակների պատմություն: Այդ ձեռքի սեղմումը, որ այս պահին ես եմ փոխանցում, իմ ուժը չէ. դա 4000 տարի սերնդեսերունդ փոխանցված ուժն է, որը ես տալիս եմ նրանց: Երեխան պետք է զգա, որ ինքն այդ մեծ ամբողջության մի մասնիկն է», — բացատրում է պարուսույցը։ Թորոյանը ցավով է նկատում, որ երբեմն Սփյուռքում (և նույնիսկ Հայաստանում) հայկական պարը խեղաթյուրվում է, խառնվում օտար տարրերի կամ վերածվում զուտ բեմական, ակրոբատիկ շոուի: Ըստ նրա՝ իրական ավանդական պարի նպատակը ոչ թե բեմում փայլելն է, այլ համայնքի համախմբումը.«Պարի մեջ պետք է լինեն և՛ տարեցները, և՛ երիտասարդները, և՛ նիհարները, և՛ գերերը… մեր բոլոր անուշ հայերը՝ մեկ շրջանի մեջ: Այդ շաղախը սերն է, որը մեզ դարձնում է կենսունակ ազգ»:
Մշակույթ արտահանող երկիր. Հայաստանի նոր դերը
Երկու բանախոսներն էլ համակարծիք են, որ Հայաստանը պետք է դադարի լինել լոկ օտար մշակույթներ սպառող և սկսի արտահանել իր հարուստ ժառանգությունը: Ստեփան Թորոյանը կիսվում է ոգեշնչող փաստով. այսօր Ճապոնիայում կան պարուսույցներ, ովքեր տեղացիներին սովորեցնում են «Յարխուշտա» և «Խամխամա», իսկ համացանցում դա հավաքում է միլիոնավոր դիտումներ: «Սփյուռքը պետք է անընդհատ հայրենիքից սնվի: Հայրենիքն է, որ ամենաճշմարիտ հոգևոր սնունդը կարող է տալ»,— շեշտում է Թորոյանը: Մարինե Ղազարյանն էլ հավելում է, որ իրենց վերապատրաստումները նպատակ ունեն ոչ միայն պահպանել հայկականությունը, այլև դարձնել Սփյուռքի երիտասարդներին մեր մշակույթի տարածողներն ու դեսպաններն իրենց ապրած երկրներում:
Ինքնության քառասյուն բանաձևը
Զրույցի ավարտին հյուրերը ձևակերպեցին հայ մնալու և հայկականությունը փոխանցելու իրենց տեսլականները, որոնք լրացնում են միմյանց՝ ստեղծելով կատարյալ ամբողջություն:

Ստեփան Թորոյանը, հիշատակելով իր ուսուցիչ Գագիկ Գինոսյանին, նշում է. «Ազգային պարերի միջոցով մենք պետք է հային վերադարձնենք հայ լինելու հպարտությունը: Յուրաքանչյուր հաղթանակ, մեր մշակույթի յուրաքանչյուր հնչյուն պետք է նրանց սրտերը լցնի հպարտությամբ: Դա կլինի այն ուղեցույցը, որը կստիպի նրանց խորասուզվել հայոց պատմության և լեզվի գանձարանի մեջ»։ Մարինե Ղազարյանն իր հերթին ամփոփում է ինքնության իր բանաձևը. «Հայը պետք է խոսի հայերեն, ճանաչի իր մշակույթը, ունենա իր հավատը և կապված լինի իր հողին, հայրենիքին՝ Հայաստանին: Մարդը կարող է մեկ սերունդ հայերեն չխոսել, բայց իրեն հայ զգալ, սակայն հաջորդ սերունդներում դա կկորչի: Կրթությունն այն եզակի գործիքն է, որը կարող է ամուր պահել այս չորս բաղադրիչները և հայրենիքը դնել Սփյուռքի սրտում»։