Իրանի պատասխան հարվածներից հետո ԱՄԷ-ում և Քուվեյթում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ

Պարսից ծոցի շրջանում լարվածության սրման ֆոնին ԱՄԷ-ում զոհվել է երեք մարդ, ևս 58-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ այն բանից հետո, երբ Իրանը սկսել է պատասխան հարվածներ՝ արձագանքելով ԱՄՆ-ի և Իսրայել-ի գործողություններին։ Տեղեկությունը տարածել է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

Էմիրությունների պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձանագրվել է 165 բալիստիկ հրթիռ, որոնցից 152-ը խոցվել են, ինչպես նաև վնասազերծվել են երկու թևավոր հրթիռներ։ Բացի այդ, հայտնաբերվել է 541 անօդաչու թռչող սարք, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 506-ը, ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Զոհվածները Պակիստանի, Նեպալի և Բանգլադեշի ծագում ունեցող քաղաքացիներ են։

Միաժամանակ Քուվեյթի առողջապահության գերատեսչությունը հայտնել է մեկ զոհի և 32 վիրավորի մասին։ Գերատեսչության ներկայացուցիչ Աբդուլլահ ալ-Սանադի փոխանցմամբ՝ տուժածները բոլորը օտարերկրացիներ են։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը կապի մեջ է հարևան երկրների հետ՝ շեշտելով, որ իրականացվող գործողությունները դիտարկվում են որպես ինքնապաշտպանություն՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում։ Նա նշել է, որ Իրանը չի պատրաստվում անգործ մնալ, եթե հարձակումներ են իրականացվում իր ժողովրդի դեմ, միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ թիրախները գտնվում են բարեկամ երկրներում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր Թեհրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Հարվածների արդյունքում վնասվել էին Իրանի արևմտյան հատվածում գտնվող ռազմական օբյեկտներ, ինչպես նաև երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրը և Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։

Դրան ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment