300 հազարի շեմը դարձրել ենք մինչև 1 մլն. պաշտոնյան՝ հայտարարագրման սահմանաչափի մասին

ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանն այսօրվա ասուլիսում պարզաբանումներ է ներկայացրել հայտարարագրման համակարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ եթե նախկինում մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները քաղաքացիները կարող էին չհայտարարագրել, ապա նոր որոշմամբ այդ շեմը բարձրացվել է, սահմանվել է 1 մլն դրամ։

Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների միջև փոխանցումներին, Ալեքսանյանը հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն:

«Եթե փոխանցողը և ստացողը ընտանիքի անդամներ են, այդ եկամուտը մի կողմից հարկվող չէ, և մյուս կողմից հայտարարագրման ենթակա չէ: Այս կարգավորումը սահմանվել է օրենսդրական մակարդակում և մնում է ուժի մեջ», – ընդգծել է Ալեքսանյանը:

Անդրադառնալով կենսաթոշակառուների հայտարարագրմանը՝ նա նշել է, որ դրանք եկամուտ են, սակայն համակարգն ինքնաշխատ է աշխատում, ուստի ՊԵԿ-ն ինքնուրույն կստանա տեղեկատվությունը և կլրացնի հայտարարագիրը: Կենսաթոշակառուն ստիպված կլինի հայտարարագրել միայն այն դեպքում, եթե ունի այլ եկամուտներ, օրինակ՝ բնակարանի վարձակալությունից կամ այլ գործարքներից:

Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականից սկսած յուրաքանչյուր հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն խմբերը, որոնք համարվել են վարձու աշխատող։

 

 

Leave a Comment