26 փետրվարի 2026 – 18:23 AMT
PanARMENIAN.Net – Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Տուսկը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը՝ հատկապես տնտեսության, ենթակառուցվածքների, անվտանգության, կրթության, գիտության և այլ ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ Փաշինյանի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով։
Տուսկը նաև ընդգծել է Լեհաստանի կառավարության շահագրգռությունը Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման և խորացման հարցում, այդ թվում՝ որպես Եվրոպական միության անդամ պետություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով Լեհաստանի հետ բազմակողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։ Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական համագործակցության խթանումը։ Վարչապետը նաև ընդգծել է Լեհաստանի դերակատարությունը Հայաստան–ԵՄ համագործակցության խորացման գործընթացում։
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, TRIPP նախաձեռնության իրականացման ընթացքին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաների։
Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Նա հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։