Անտառները հաճախ անվանում են մոլորակի «թոքեր», բայց գիտականորեն դրանք շատ ավելին են, քան պարզապես թթվածնի աղբյուր։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
1 հեկտար հասուն անտառը մեկ տարում կարող է կլանել մինչև 10-15 տոննա CO₂, նվազեցնելով կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։
Ծառերը միմյանց հետ հաղորդակցվում են հողի տակ գտնվող սնկային ցանցերի միջոցով։ Այս համակարգը գիտնականները կոչում են «Wood Wide Web»․ ծառերը կարող են միմյանց փոխանցել սննդանյութեր և նույնիսկ «ազդանշաններ» վտանգի դեպքում։
Անտառները կարգավորում են նաև ջրի շրջանառությունը․ դրանք պահպանում են խոնավությունը, նվազեցնում հողի էրոզիան և կանխում սողանքները։ Լեռնային երկրներում, ինչպիսին Հայաստանն է, անտառների դերը հատկապես կարևոր է ջրային ռեսուրսների պահպանման համար։
Անտառները կենսաբազմազանության կենտրոններ են․ հազարավոր բուսական և կենդանական տեսակներ գոյատևում են միայն անտառային էկոհամակարգերում։
Եվ ամենահետաքրքիրը՝ ապացուցված է, որ անտառում ընդամենը 20-30 րոպե զբոսանքը նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը և կարգավորում արյան ճնշումը։