Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները

2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները, նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում:

«2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները․ ներկայումս չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ,  որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո։

ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար-Բաղանիս սահմանազատված հատվածում, սահմանագծին զուգահեռ կառուցվել է շուրջ 11,5 կմ սահմանային ճանապարհ՝ փշալարային արգելափակոցով։ ՀՀ Սյունիքի մարզում շահագործման են հանձնվել նոր սահմանապահ ուղեկալներ։ ՀՀ պետական սահմանի տարբեր հատվածներ կահավորվել են լրացուցիչ ստացիոնար տեսադիտարկման սարքերով, ֆոտոծուղակներով, կապի, այդ թվում՝ ռադիոկապի և այլ տեխնիկական միջոցներով, որոշ հատվածներում անցկացվել են փշալարային արգելափակոցներ։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում ծառայության է անցել 83 պայմանագրային զինծառայող։   Շարունակվել է նաև ՀՀ ԱԱԾ անձնակազմի ատեստավորման գործընթացը:

2023 թվականից մեկնարկած ատեստավորմանը մասնակցել և դրական արդյունք է գրանցել ծառայողների շուրջ 54%-ը, որոնց վարձատրությունն ավելացել է շուրջ 57%-ով:  Միաժամանակ, ավելացել է ՀՀ ԱԱԾ-ում ծառայության անցնելու համար դիմած անձանց թիվը։ 2024 թվականի ցուցանիշների համեմատ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվն ավելացել է 4%-ով»,- նշված է զեկույցում։

ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն։

2024 թվականի կեսերից «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկողությունն սկսեցին իրականացնել բացառապես հայ սահմանապահները։ Նույնը գործում է նաև Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում։

Leave a Comment