Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ փետրվարի 26-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Վրաստանի սահմանին արգելափակված հայկական բեռնատարների խնդրին։
Նրա խոսքով, չնայած Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ ունեցած քննարկումներին, դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչ պատճառներով են կանգնեցվել բեռնատարները:
«Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրենց գերատեսչությունը կապ չունի այդ խնդրի հետ: Դա ֆինանսների նախարարությանը ենթարկվող ֆինանսական ոստիկանությունն է, որը, ըստ իրենց, ինչ-որ ռիսկեր է տեսել ապրանքների հետ կապված: Ես խնդրել եմ հստակ նշել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, սակայն մինչ օրս պարզաբանում չենք ստացել»,- նշել է Պապոյանը:
Նախարարը շեշտել է, որ իր համար կարևոր է հասկանալ՝ արդյոք խնդիրը կոնկրետ փաստաթղթային խախտումների հետ է կապված, թե պարզապես բեռնատարները կանգնեցված են առանց հստակ հիմնավորման:
Նա հավելել է, որ որոշ մեքենաներ արդեն իսկ բաց են թողնվել, սակայն առանձին խմբաքանակների հետ կապված խնդիրը դեռ պահպանվում է:
Վրաստանի տարածքում, մասնավորապես, «Վերին Լարս»-ի մոտ, փետրվարի 12-ից արգելափակվել են ավելի քան 100 հայկական բեռնատարներ, հիմնականում՝ շինանյութերով բեռնված։ Վարորդները հայտնել են, որ փաստաթղթերի հետ խնդիրներ չունեն, սակայն վրացական կողմը հստակ բացատրություն չի տալիս։ Վրաստանի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվում, և իրականացվում են ստանդարտ մաքսային հսկողության ընթացակարգեր։
