Հայաստանի պետական պարտքը հասել է մոտավորապես 15 մլրդ ԱՄՆ դոլարի

2025 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը հասել է 14 մլրդ 531.0 մլն ԱՄՆ դոլարի։

Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Էկանոմիկայի նախարարության կայքէջի՝ 2025 թվականի տնտեսական հեռանկարների ցուցանիշներից։

Պարտքի կառուցվածքում գրեթե հավասար բաշխված են արտաքին և ներքին բաղադրիչները․ արտաքին պարտքը կազմել է 7 մլրդ 36.6 մլն դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճելով 9.0 տոկոսով, իսկ ներքին պարտքը՝ 7 մլրդ 494.7 մլն դոլար՝ ավելանալով 17.3 տոկոսով։

Արտաքին պարտքի կառուցվածքում գերակշռում է պետական պարտքը՝ կազմելով ամբողջ արտաքին պարտքի 93.0 տոկոսը, մինչդեռ Կենտրոնական բանկի պարտավորությունները կազմում են 7.0 տոկոս։

Միաժամանակ աճել են նաև բյուջետային հոսքերը։ 2025 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 886.2 մլրդ դրամ, ինչը 11.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ծախսերը նույնպես ավելացել են՝ հասնելով 3 տրլն 305.3 մլրդ դրամի՝ 11.8 տոկոս աճով։

Ծախսային կառուցվածքում ընթացիկ ծախսերն աճել են 8.2 տոկոսով, մինչդեռ ոչ ֆինանսական ակտիվների ուղղությամբ կատարված ծախսերը ցուցաբերել են առավել արագ աճ՝ 27.9 տոկոս։ Տվյալները վկայում են, որ պետությունը միաժամանակ ավելացնում է թե՛ պարտքային բեռը, թե՛ բյուջետային ակտիվությունը՝ ընդլայնելով ֆինանսավորման և ներդրումային ուղղությունները։

Leave a Comment