Ի նշան բողոքի՝ մահից առաջ դատապարտյալը ջերմաչափ, խարտոց ու երկաթի կտորներ է կուլ տվել, ջրադուլ ու հացադուլ արել

Փետրվարի 23-ի երեկոյան «Armlur» լրատվականը գրել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է։ Սա 2026 թվականին բանտից մահվան առաջին գույժն էր։ Ուշագրավ է, որ այս մասին տեղեկանում ենք ոչ թե պաշտոնական աղբյուրից, այլ՝ լրատվական կայքից, ավելին՝ կալանավորի մահն արձանագրվել էր դեռևս փետրվարի 17-ին։

Կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, այս մասով բազմիցս դիմել է Prison Monitoring Groupին, որոնք էլ իրենց հերթին գրություններ են հասցեագրել Առողջապահության նախարարին։ Ոսկանյանը խնդրել է փոխել իր խափանման միջոց կալանքը, որ կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ, սակայն մերժվել է։ Կալանավորը մի քանի անգամ դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, սակայն, կրկին որևէ բան չի փոխվել։

Ոսկանյանն ավելի ծայրահեղ քայլի է դիմել ու կուլ տվել մինչև 15 սմ երկարությամբ օտար առարկաներ՝ ջերմաչափ, խարտոց ու երկաթի կտորներ։ Դրանցից մի քանիսն են ընդամենը հեռացված եղել օրգանիզմից։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար Կամո Մանուկյանը FactorTV-ին հայտնել է, որ վերջին շրջանում իրականացված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ կալանավորն այնպիսի հիվանդություններ ունի, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին.

«ՊՈԱԿ-ը շատ արագ ձեռնամուխ է եղել փաստաթղթերի փաթեթը ներկայացել միջգերատեսչական հանձնաժողովին, որն էլ իր հերթին դրական եզրակացություն է տվել փաթեթին։ Փաթեթը դրական եզրակացությամբ ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, որպեսզի միջնորդություն ներկայացվի դատարան՝ պատժից ազատելու համար։ Այդ ընթացքում, և նույն ժամանակ, թե՛ մեր, թե՛ Քրեակատարողական ծառայության կողմից կապ է հաստատվել փաստաբանի հետ, տեղեկացվել է վերջինիս այդ գործընթացի վերաբերյալ, սակայն միջնորդությունը դատարանի կողմից մերժվել էր»,- ասել է Մանուկյանը։

Օրերս մահացած կալանավորը չպետք է բանտում գտնվեր, քանի որ առողջական վիճակը չէր համապատասխանել կալանքի հետ, այնինչնա մահավել է բանտում։

Այս դեպքի առնչությամբ է նախարար Սրբուհի Գալյանն այսօր վրդովվել լրագրողի՝ իրեն ուղղված հարցից ու պատասխանել այսպես.«Կներեք, այդ ի՞նչ հարց եք տալիս։ Իսկ Դուք ձեզ մեղավո՞ր եք զգում, երբ դրսում մարդ է մահանում։ Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տալ, որովհետև, ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված մեր լիազորությունները։

Նման մանիպուլյատիվ հարցեր այլևս ինձ չտաք։ Շատ եմ վրդովվում։ Հարցնում եք՝ դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք. ո՛չ։ Ի՞նչ եմ արել, կամ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Սրանից հետո ես Ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ անել»։

Leave a Comment