26 փետրվարի 2026 – 14:17 AMT
PanARMENIAN.Net – Ավստրալիայում առևանգել և սպանել են 85-ամյա Քրիս Բաղսարյանին: Մեղադրանք է ներկայացվել 2 անձի: Քննիչները կարծում են, որ նրան սխալմամբ են առևանգել, հայտնում է ABC -ն:
85-ամյա սիդնեյցի պապիկին առևանգվել են Հյուսիսային Ռայդի իր տնից փետրվարի 13-ի վաղ առավոտյան:
Փետրվարի 25-ին ոստիկանությունը Քենթհերսթում ձերբակալել է 29-ամյա Ջերարդ Էնթոնի Էնդրյուսին, իսկ Քասլ Հիլում՝ 24-ամյա Դանիել Սթիվենսին։ Երկուսն էլ տեղափոխվել են Ռիվերսթոունի ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության և խմբով առևանգելու կամ պահելու մեջ՝ փրկագնի նպատակով, որը հանգեցրել է մահվան:
Էնդրյուսի փաստաբան ՄաքԳիրն ասել է, որ քննությունը շարունակվում է, և ինքը սպասելու է ապացույցների փաթեթին, որը ներկայացվելու է ապրիլին։
«Իհարկե, ինձ համար ակնհայտ է այս գործի առանձնահատուկ զգայուն բնույթը զոհի ընտանիքի համար»,-ասել է նա։
Սթիվենսը նույնպես առաջին անգամ ներկայացել է դատարան։ Նրա փաստաբան Ջավիդ Ֆայզը գրավի միջնորդություն չի ներկայացրել, սակայն մագիստրատին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին անհրաժեշտ է դեղորայք՝ գոտևոր հերպեսի բուժման համար։
Սթիվենսի գործը նույնպես հետաձգվել է մինչև ապրիլի 17-ը։
Դատարանից դուրս պարոն Ֆայզը լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալը գիտակցում է, որ դատական գործընթացը ժամանակ է պահանջելու։
«Դա ողբերգական միջադեպ է: Նա հասկանում է մեղադրանքների բնույթն ու լրջությունը և հարցին լուրջ է վերաբերվում», — ասել է նա։
Ոստիկանությունը շարունակում է քննությունը։ Մոտակա տան տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես երեք տղամարդ փետրվարի 13-ին առավոտյան մոտավորապես ժամը 5-ին ուժով նստեցրել է պարոն Բաղսարյանին SUV մեքենա։
ABC-ն տեղեկացել է, որ քննիչները ենթադրել են, թե առևանգողները նպատակ են ունեցել առևանգել Սիդնեյի գործարար Դիմիտրի Ստեփանյանի ազգականին, որը բնակվում է Հյուսիսային Ռայդում։
Ոստիկանությունը որոնողական աշխատանքների 11-րդ օրը Սիդնեյի հյուսիս-արևմտյան ծայրամասում՝ Փիթ Թաունի գոլֆի ակումբի մոտ, հայտնաբերել է Բաղսարյանի աճյունը։
Բաղսարյանի մահվան պատճառը չի հրապարակվել: