Կառավարությունը հաստատել է ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր ակադեմիական քաղաքի զարգացման նախնական հայեցակարգը, որը ներառում էր «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախնական պատկերացումներն ու տեսլականը։
«Դրանից հետո մեծ ծավալի աշխատանք է կատարվել, և այժմ գտնվում ենք մի փուլում, երբ հնարավոր է հայեցակարգը հաստատել ամբողջությամբ և լրամշակված խմբագրությամբ՝ ավելի հստակ և տեսանելի դարձնելով առաջիկա անելիքները»,- ասել է նախարարը՝ հանգամանալից ներկայացնելով կատարված աշխատանքը։
Նրա խոսքով՝ գերմանական ՋիԷմՓի ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որը ՀՀ օրենսդրության համաձայն նախ համալիր փորձաքննության է ներկայացվել, ապա հաստատվել։
«Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակն է մշակել, որը հատկապես կարևոր է ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման և այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման տեսանկյունից։ Իտալական Սիստեմատիկա կազմակերպությունն իրականացրել է տրանսպորտի և շարժունակության ուսումնասիրությունը, իսկ ԹՈՒՄ Ինթերնեյշնալ կազմակերպությունը մշակել է տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և ակադեմիական քաղաքի կառավարման համակարգը։ Ավարտին է մոտենում ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որն առաջիկայում պատրաստ կլինի և հնարավորություն կտա ամբողջականացնելու ներդրումային փաթեթը»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ աշխատանքներ են ընթանում նաև կրթական և արվեստի կլաստերների ձևավորման, բովանդակության և կառուցվածքի մշակման ուղղությամբ, միաժամանակ բանակցություններ են ընթանում դասական կլաստերի մշակման ուղղությամբ։
Ակադեմիական քաղաքի շրջանակում նաև տաղանդների զարգացման ծրագիրն է մեկնարկում, որի ընդունմամբ պետությունը տաղանդների բացահայտման և զարգացման հանձնառություն է ստանձնում՝ ապահովելով կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված գլխավոր առաքելության իրականացումը։
«Ակադեմիական քաղաքի հայեցակարգում նկարագրվում են նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման և բյուջետավորման գործընթացները, որոնք կհստակեցնեն ներդրումային հնարավորությունները և մասնավոր հատվածի ընդգրկվածությունը։
Բուն շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից։ Առաջին փուլում կկառուցվեն ուսանողական կացարաններ՝ նախատեսված մինչև 4250 ուսանողի համար։
Կիրականացվի նաև հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի և համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74 000 քառակուսի մետր։ Կմեկնարկի նաև 628 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ներկայում պատրաստվում են ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված մրցույթի փաթեթները։
