Սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գործ է ստացվել «Հինգ մատ» ՍՊԸ-ից գումարի բռնագանձման պահանջով։
Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Նարինե Ավագյանին։
Ներկայացվող հայցապահանջը
ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունը 27.07.2007թ. հայցադիմում է ներկայացրել «Հինգ մատ» ՍՊԸ-ի տնօրեն Ռոզալյա Մանուկյանի դեմ՝ պետությանը պատճառված 19.732.200 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջի վերաբերյալ։ Նշված պահանջի հիմքում հայցվորը դրել է հետևյալ փաստական հանգամանքները․
Ռոզալյա Ազատի Մանուկյանը, նյութական օգուտներ ստանալու նպատակով, 2003 թվականի հոկտեմբերի 10-ին հիմնադրել է «Հինգ մատ» ՍՊԸ-ն, հանդիսացել է նրա հիմնադիր տնօրենը և որպես հարկատու հաշվառվելով Գորիսի ՏՀՏ-ում, 2003-2004 թվականների ընթացքում ՀՀ է ներմուծել 84.500.000 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքներ, որոնց իրացման վերաբերյալ հարկային մարմնին հաշվետվություններ չի ներկայացրել, հարկային պարտավորությունները չի կատարել և հարկերի տեսքով պետությանը պատճառել է 10.260.800 ՀՀ դրամ վնաս (տույժ և տուգանքներ՝ 9.462.400 ՀՀ դրամ)։
Փաստի առթիվ ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՊԾ-ի կողմից 10.05.2005թ. ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 83101705 քրեական գործը։
Կատարված հանցագործության համար 15.06.2005թ. որոշում է կայացվել Ռոզալյա Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով։
26.07.2007թ. թիվ 83101705 քրեական գործի վարույթը կարճվել է Ռոզալյա Մանուկյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված հանցակազմի բացակայության պատճառով։
Նկատի ունենալով, որ «Հինգ մատ» ՍՊԸ-ի տնօրեն Ռոզալյա Մանուկյանի կողմից ինքնակամ վճարում չի կատարվել և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածներով՝ հայցվորը խնդրել է «Հինգ մատ» ՍՊԸ-ի տնօրեն Ռոզալյա Մանուկյանից բռնագանձել 19.723.200 ՀՀ դրամ, այդ թվում ԱԱՀ՝ 5.703.200 ՀՀ դրամ, շահութահարկ՝ 4.557.600 ՀՀ դրամ, տույժ և տուգանքներ՝ 9.462.400 ՀՀ դրամ։
Գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացվել սեպտեմբերի 10-ին։
Գործի համառոտ բովանդակություն։ Գործի պատմությունը ձգվում է դեռևս 2007 թվականից, երբ հայցադիմումը ներկայացվել էր ՀՀ տնտեսական դատարան։ Նույն թվականին դատարանը որոշում է կայացրել պատասխանողի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին։
Տարիներ անց՝ 2023-ին, գործը վերամակագրվել և հանձնվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որտեղ այն կրկին ընդունվել էր վարույթ և պահպանվել կասեցված վիճակում։ 2025 թվականի մայիսին որոշում էր կայացվել գործի քննությունը վերսկսելու մասին, իսկ օգոստոսին այն փոխանցվել էր հակակոռուպցիոն դատարանի քննությանը։
Դատարանը որոշել է գործի քննությունը սկսել սկզբից՝ կիրառելով գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։ Գործով առաջին նախնական դատական նիստը նշանակվել է 2025 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում։ Նոյեմբերի 25-ին կրկին նշանակվել է նախնական դատական նիստ։
Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը
Դատարանը դեկտեմբերի 2-ին կայացած հերթական նախնական դատական նիստում որոշում է կայացրել բավարարել ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության` ընդդեմ «Հինգ մատ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցվորի միջնորդությունը՝ հայցի առարկան և հիմքը փոփոխել թույլատրելու վերաբերյալ։Թույլատրել հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը։
Որոշմամբ դատարանը «Հինգ մատ» ՍՊԸ-ին հանել պատասխանողների կազմից և Ռոզալիա Մանուկյանին ներգրավել է որպես պատասխանող։
Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը․
1) Սյունիքի մարզի ավագ դատախազ Է. Հովսեփյանի կողմից 26.07.2007թ. կայացված որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է՝ մեղադրյալ Ռոզալյա Մանուկյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված հանցակազմի բացակայության հիմքով։ Նշված որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է հետևյալը.
«Ռոզալյա Ազատի Մանուկյանը, նյութական օգուտներ ստանալու նպատակով, 2003 թվականի հոկտեմբերի 10-ին հիմնադրել է «Հինգ մատ» ՍՊԸ-ն, հանդիսացել է նրա հիմնադիր տնօրենը և որպես հարկատու հաշվառվելով Գորիսի ՏՀՏ-ում, 2003-2004 թվականների ընթացքում ՀՀ է ներմուծել 84.500.000 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքներ, որոնց իրացման վերաբերյալ հարկային մարմնին հաշվետվություններ չի ներկայացրել, հարկային պարտավորությունները չի կատարել և հարկերի տեսքով պետությանը պատճառել է 10.260.800 ՀՀ դրամ վնաս (տույժ և տուգանքներ՝ 9.462.400 ՀՀ դրամ)»։
2) Սյունիքի մարզի դատախազությունը 27.07.2007 թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան՝ ընդդեմ «Հինգ մատ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ։
3) Գորիսի ՏՀՏ վերահսկողության և գանձումների բաժնում 07.02.2005թ. կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ ակտ, որով կատարվել է Գորիսի ՏՀՏ-ում հաշվառված «Հինգ մատ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ *********)՝ պետ. բյուջեի հանդեպ պարտավորությունների հաշվարկ և վերջինիս առաջադրվել են հետևյալ պարտավորությունները․
ԱԱՀ-ի գծով՝ 7653.9 հազ. դրամ,
Շահութահարկի գծով՝ 4341.4 հազ. դրամ։
4) Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Վ. Առուստամյանը 22.03.2005թ. տրամադրել է փորձագետի եզրակացություն (դատահաշվապահական փորձաքննություն ըստ քրեական գործի, սկսված 23.02.2005թ.)։ Ըստ նշված եզրակացության՝ փորձագետին պարզման համար, ի թիվս այլնի, առաջադրվել է հետևյալ հարցը. որքա՞ն են կազմում «Հինգ մատ» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունները։ Փորձագետը որպես հետևություն նշել է, որ «Հինգ մատ» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների գումարը՝ տույժ և տուգանքներով հանդերձ, կազմում է 19723.2 հազ․ դրամ։
5) «Հայցի առարկան և հիմքը փոփոխել թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ հայցվորի պահանջը կազմել է 10.260.800 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։
6) «Հինգ մատ» ՍՊԸ–ն լուծարված է՝ ըստ հայցվորի բանավոր հայտարարության և միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում առկա տվյալների։
Դատարական ակտը։ Հունվարի 21-ին դատարանը որոշել է կիրառել արագացված դատաքննություն, եզրափակիչ դատակիան ակտը հրապարակել հունվարի 26-ին Դատական իշխանության իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
Դատարանը, լսելով դատական նիստին ներկայացած կողմին, ուսումնասիրելով գործի հանգամանքները և հետազոտելով գործի ապացույցները, գնահատելով գործում եղած յուրաքանչյուր ապացույց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ բավարարության տեսանկյունից, եզրահանգում է, որ հայցը ենթակա է մերժման, քանի վական նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ իրավաբանական անձի լուծարմամբ դադարում են վերջինիս իրավունքներն ու պարտականությունները։ Այն դեպքում, երբ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով։ Հետևաբար, եթե առկա չէ սնանկության վերաբերյալ տեղեկություն, ուրեմն լուծարվող իրավաբանական անձը մինչև լուծարումն առկա բոլոր պարտավորությունները մարել է։
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացրած պահանջը հիմնված է «Հինգ մատ» ՍՊԸ-ի կողմից չմարված հարկային պարտավորությունների վրա։ Դատարանն արձանագրում է, որ «Հինգ մատ» ՍՊԸ-ի սնանկության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ «Հինգ մատ» ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարմամբ դադարում են նաև նրա պարտավորություները, Դատարանն արձանագրում է, որ առկա չէ պետությանը պատճառված վնասը։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում վնասի առկայությունը, ինչն արդեն բավարար է ՀՀ Սյունիքի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցը՝ ընդդեմ Ռոզալյա Ազատի Մանուկյանի գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժելու համար։ Հետևաբար, Դատարանն այլևս չի անդրադառնում պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերին։