Կառավարության փետրվարի 26-ի նիստում քննարկման է ներկայացվել և հաստատվել «Ակադեմիական քաղաքի» զարգացման լրամշակված հայեցակարգը:
Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ այն հիմնված է միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից մշակված գլխավոր հատակագծի, տրանսպորտային և ֆինանսական ոլորտների ուսումնասիրությունների վրա:
«Մենք արդեն մի փուլում ենք, որ գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, իտալական կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության ուսումնասիրություն, իսկ TUM International-ի կողմից՝ տեխնոլոգիական կլաստերի և կառավարման համակարգի մոդելը»,- նշել է Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ERNST & YOUNG կազմակերպությունն ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության և ներդրումային հնարավորությունների վերլուծությունը, որը պատրաստ կլինի մարտին:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից: Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողի համար նախատեսված կացարաններ, ավելի քան 74 հազար քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ համերգասրահ և համաժողովների կենտրոն, ինչպես նաև շուրջ 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստեր:
Նախարարը հայտնել է, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Պատասխանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին՝ Անդրեասյանը հաստատել է, որ գլխավոր հատակագիծը համաձայնեցված է բոլոր ենթակառուցվածքային գերատեսչությունների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։
