Կառավարության փետրվարի 26-ի նիստում քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաքի» զարգացման լրամշակված հայեցակարգը, որն, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, հիմնված է միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից մշակված գլխավոր հատակագծի, տրանսպորտային և ֆինանսական ոլորտների ուսումնասիրությունների վրա:
«Մենք արդեն մի փուլում ենք, որ գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, իտալական կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության ուսումնասիրություն, իսկ «TUM International»-ի կողմից՝ տեխնոլոգիական կլաստերի և կառավարման համակարգի մոդելը»,- նշել է Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս «ERNST & YOUNG»
կազմակերպությունն ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության և ներդրումային հնարավորությունների վերլուծությունը, որը պատրաստ կլինի մարտին:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից: Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողի համար նախատեսված կացարաններ, ավելի քան 74 հազար քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ համերգասրահ և համաժողովների կենտրոն, ինչպես նաև շուրջ 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստեր:
Նախարարը հայտնել է, որ ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. մրցույթի են պատրաստվում բարձրավոլտ էլեկտրասյուների տեղափոխման և ոռոգման համակարգի նախագծման փաթեթները: Արդեն իսկ մաքրվել է 2.7 հա տարածքը՝ հեռացվելով շուրջ 10 հազար քմ աղբ:
Պատասխանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին՝ Անդրեասյանը հաստատել է, որ գլխավոր հատակագիծը համաձայնեցված է բոլոր ենթակառուցվածքային գերատեսչությունների հետ, աշխատանքային խմբերն ակտիվորեն համագործակցում են ՏԿԵ նախարարության գործընկերների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։
