Խուդաթյան․ Ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի

Խուդաթյան․ Ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի

26 փետրվարի 2026 – 10:16 AMT

PanARMENIAN.Net – Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն տեղի չի ունենա, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա նշել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության որոշումը կասեցվել է և առաջիկայում կկատարվեն լրացուցիչ ուսումնասիրություններ:

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։

Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։

Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ», – գրել է նա։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությանը և հայտնել է, որ պատրաստվում է դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

«1. «Վեոլիա ջրի» որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ( դիմումը ավելի ուշ կտեղադրեմ): Ով միանում է` գրեք մեկնաբանություններում

«Վեոլիա ջուրը» ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ո՞ւր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է: Զուտ բանաձևն են փոխել

2. 5 տարի տեխնիկական աուդիտ չեն անում: Ինչո՞ւ: Քանզի նրանք միակն են, որ կարող են ասել «Վեոլիա ջրի» փաստարկների մասին իրականությունը:

3. Մարզերում վիճակն ավելի ողբերգական է` 6 կամ 8 ժամ ջրամատակարարում»,-գրել է նա:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանել է իր կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։

Ընկերությունն անդրադարձել է նոր ջրասպառողների թվի կտրուկ աճին և գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությանը:

Leave a Comment