Հարությունյան․ ՀՀ-ում ավտոսպորտի երթուղու կառուցումը կխթանի ոլորտի զարգացումը

Հարությունյան․ ՀՀ-ում ավտոսպորտի երթուղու կառուցումը կխթանի ոլորտի զարգացումը

25 փետրվարի 2026 – 18:24 AMT

PanARMENIAN.Net – Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։ Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հարությունյանը կարևորել է FIA-ի հետ համագործակցությունը՝ մեր երկրում ավտոմոբիլային սպորտի առաջընթացն ապահովելու տեսանկյունից։

Վալերիո Իաքիցցին իր հերթին ընդգծել է Հայաստանի ներուժը և արդեն արձանագրված ձեռքբերումները՝ FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագծի շրջանակում մրցարշավային քրոսքար մեքենայի ստեղծման ուղղությամբ։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ավտոսպորտ մուտք գործելը հնարավոր կլինի առանց խոշոր ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների կիրառմամբ։ Իաքիցցին նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանին ընդունել առաջին տարածաշրջանային քրոսքար շարքը և հիմք կդառնա հետագայում ավելի հեղինակավոր առաջնություններ կազմակերպելու համար։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, որպես FIA պաշտոնական անդամ, կաջակցի նախատեսվող ծրագրերի իրականացմանը։

Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել էր, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական և տեխնոլոգիական նշանակություն։

Leave a Comment