25 փետրվարի 2026 – 11:24 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի Հայաստան կատարած այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ, ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում կլոր սեղանի ժամանակ:
Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը, համագործակցելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ, «Հայաստան» ծրագրի շրջանակում հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ամերիկյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Քննարկման ընթացքում շեշտադրվել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության առաջխաղացման հեռանկարները, գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչպես նաև համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը։
Մկրտչյանը իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում ձևավորվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ:
Կլոր սեղանի ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու երկարաժամկետ և կայուն տնտեսական գործընկերությունը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով: