«-46» ձմեռային փառատոն և «Ձնամարտ». ինչպե՞ս է զարգանում զբոսաշրջությունը Հայաստանում․ «Էկոսֆերա»

Հայաստանն ունի ձմեռային զբոսաշրջության երեք հիմնական կենտրոն՝ Ծաղկաձորը, Աշոցքը և Ապարան համայնքում գտնվող «Մայլերը»։ Հունվարը սովորաբար պասիվ ամիս է, սակայն 2026 թվականի հունվարին գրանցվել է 30% աճ. ընդունել ենք 176 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 հազարով ավելի է։ Այս տարի դեռևս սպասվում է երկու խոշոր միջոցառում՝ «-46» ձմեռային փառատոնը և «Ձնամարտը»։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ 80%-ը գալիս է ապրիլից- հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Ձմեռային զբոսաշրջությունը դեռևս նոր զարգացող ուղղություն է։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշում է, որ տարեկան 3 մլն զբոսաշրջիկ ընդունելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է այցելությունների թիվը համամասնորեն բաշխել նաև ձմռան ամիսների վրա։

Չնայած մեծ ներուժին՝ ոլորտում դեռևս կան խորքային խնդիրներ։ Armland արշավային ակումբի հիմնադիր, ուղեկցորդ Արտյոմ Մարտիրոսյանը նկատում է, որ Հայաստանում գործում է դահուկային ընդամենը երկու դպրոց՝ Աշոցքում և Ծաղկաձորում, ինչը բավարար չէ մասսայականացման համար։

«Մենք դպրոցներում երեխաներին չենք սովորեցնում դահուկ վարել։ Լավ կլիներ, որ հատկապես հյուսիսային մարզերում ստեղծվեին մասնագիտացված դպրոցներ, ինչը զարկ կտար թե՛ սպորտին, թե՛ տուրիզմին»,— ասում է նա։

Այնուամենայնիվ, միջոցառումների օրացույցը հագեցած է.

  • Փետրվարի 28-ին կայանալու է «-46» ձմեռային փառատոնը, որն առաջարկում է ձմեռային սպորտաձևերի լայն ընտրանի։
  • Մարտի առաջին օրերին սպասվում է ձմեռային սեզոնի եզրափակիչ միջոցառումը՝ «Ձնամարտը», որին կարող են մասնակցել թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։

Մասնագետները հորդորում են ձմեռային արշավների մեկնելիս անպայման դիմել պրոֆեսիոնալ ուղեկցորդների օգնությանը։ Ձյան հաստ շերտով ծածկված արահետները կարող են վտանգավոր լինել տեղանքին չտիրապետողների համար, իսկ ուղեկցորդներն ունեն անհրաժեշտ սարքավորումներն ու փորձը՝ անվտանգությունն ապահովելու համար։

Leave a Comment