Կենսաքիմիան և կենսատեխնոլոգիան ուսումնասիրում են կենդանի օրգանիզմների քիմիական գործընթացները, դրանց կարգավորումն ու հնարավոր փոփոխությունները։ Այս գիտությունների դերն անփոխարինելի է մարդու առողջության, կյանքի որակի բարելավման, ինչպես նաև երկրների տնտեսական և սոցիալական աճի ապահովման գործում։ Դրանց նվաճումները լայնորեն կիրառվում են բժշկության, գյուղատնտեսության, արդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և սննդի վերամշակման ոլորտներում:
«Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիրը խիստ արդիական, պահանջված և դինամիկ զարգացող ուղղություն է, որը հնարավորություն է տալիս թափանցելու գիտության զարմանահրաշ աշխարհը:
Այս բնագավառի մասնագետները, տիրապետելով հիմնարար գիտելիքների և գիտահետազոտական հմտությունների, ունակ կլինեն.
- Բացատրել կենդանի նյութի բաղադրության առանձնահատկությունները, կենսանյութափոխանակային գործընթացներն ու դրանց կարգավորման մեխանիզմները:
- Նախագծել ծրագրեր՝ մանրէների և բույսերի կենսագործունեության արգասիքները բժշկության, դեղագործության և արտադրության մեջ օգտագործելու համար:
- Կատարել կենսաբանական տարբեր նմուշների կենսաքիմիական, մոլեկուլակենսաբանական, բջջագենետիկական և մանրէաբանական լաբորատոր վերլուծություններ:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար Աննա Փոլադյանը: