Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացը: Դրա նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները, փոխանցում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
Քննությունը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և առկա իրավական արձագանքների քարտեզագրումը, ապա լինելու է դիմումների ընդունման գործընթացի մեկնարկը, հաջորդելու են հանրային լսումները՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։ Ապա հրապարակվելու է վերջնական զեկույցը, և շարունակվելու է Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային հաստատությունների հետ քննարկումը:
Հետաքննությունն իրականացնում է Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI) Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի հետ համագործակցությամբ:
Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։
Խորհրդարանական հետաքննության աշխատանքներին կարելի է հետևել հղմամբ։
