Մեքսիկայում զինված բախումներ են իրականացվել՝ թմրակարտելի առաջնորդ «Էլ Մենչո»-ի սպանությունից հետո

Մեքսիկայի բանակի հատուկ նշանակության ուժերը Խալիսկո նահանգում գործողություն են իրականացրել, որի ընթացքում սպանվել է երկրի ամենախոշոր թմրակարտելի՝ «Խալիսկոյի նոր սերնդի» (CJNG) առաջնորդը


ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Մեքսիկայի բանակի հատուկ նշանակության ուժերը Խալիսկո նահանգում գործողություն են իրականացրել, որի ընթացքում սպանվել է երկրի ամենախոշոր թմրակարտելի՝ «Խալիսկոյի նոր սերնդի» (CJNG) առաջնորդը Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը (հայտնի որպես Էլ Մենչո):


Այս մասին գրում է BBC-ն։


Նա մահացել է կիրակի օրը՝ Մեխիկո տեղափոխվելու ճանապարհին, հատուկ նշանակության ուժերի հետ բախման ժամանակ ստացած ծանր վիրավորումներից։


Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում սպանվել է կարտելի 4 անդամ, վիրավորվել է 3 զինվորական։ Օգնություն է ցուցաբերել նաև ԱՄՆ-ն՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն։


Նախկին ոստիկան Էլ Մենչոն ղեկավարել է հսկայական հանցավոր կազմակերպություն, որը պատասխանատու էր ԱՄՆ-ում զգալի քանակությամբ կոկաինի, մեթամֆեթամինի և ֆենտանիլի մաքսանենգության համար: ԱՄՆ-ն 15 միլիոն դոլար պարգև է առաջարկել նրա գտնվելու վայրը պարզելու համար:


Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունը «պլանավորվել և իրականացվել է» երկրի հատուկ նշանակության ուժերի կողմից։ Գործողության ընթացքում առգրավվել են մի քանի զրահամեքենաներ և զենքեր, այդ թվում՝ նռնականետեր։


Նարկոբարոնի սպանությանը հաջորդել են կարտելի անդամների պատասխան գործողությունները ութ նահանգներում։ Զինյալները հրկիզել են մեքենաներ, փակել ճանապարհները և հարձակվել անվտանգության ուժերի վրա։


Խալիսկոյի նահանգապետ Պաբլո Լեմուս Նավարոն բնակիչներին հորդորել է պահպանել «կարմիր ազդանշանի» զգուշացումը և մնալ տներում։ Նահանգում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։


ԱՄՆ Պետդեպարտամենտը մի շարք նահանգներում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է դուրս չգալ թաքստոցներից:


Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոն ավելի ուշ մարդկանց կոչ է արել «հանդարտություն» պահպանել։


X-ի իր էջում նա գրել է, որ «երկրի մեծ մասում կյանքն ընթանում է բնականոն հունով»։

Leave a Comment