Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ էր տարել «Լեչեի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացել է Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման էր մտել 60-րդ րոպեին։
Խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով։
«Շատ երջանիկ եմ և՛ ինձ, և՛ թիմի համար: Չափազանց կարևոր հաղթանակ էր։ «Լեչեի» դեմ խաղալը հեշտ չէր. մենք գործ ունեինք շատ կազմակերպված թիմի հետ, որը գրեթե ազատ տարածություններ չէր թողնում: Մենք գիտեինք, որ երկրորդ խաղակեսում նրանց տեմպը կընկնի, և կարողացանք հետևողականորեն ճնշում գործադրել:
Գոլի դրվագում վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ ու դարձա գոլի հեղինակ, թեև իրականում այնտեղ պետք է Բաստոնին լիներ: Մենք պետք է միշտ միասնական լինենք․ մենք մեկ թիմ ենք ու մեկ ընտանիք: Այժմ պետք է նայենք առաջ և կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա. լավագույնս կնախապատրաստվենք դրան, կանենք առավելագույնը, և դա կանենք մեր երկրպագուների աջակցությամբ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։