23 փետրվարի 2026 – 14:35 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Աջափնյակ վարչական շրջանում արյունալի միջադեպի մասնակիցներից 1-ը կալանավորվել է, մյուսները տնային կալանքի տակ են։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել 12 անձի նկատմամբ։
«Սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասել են ՔԿ–ից։
Փետրվարի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ատրճանակից և ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ, ինչպես նաև արյան հետքեր։ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 վիրավորներից մեկը մահացել է վիրահատության ընթացքում, իսկ մյուս վեցը վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնացել։