Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը։
«Ես կարծում եմ, որ Պուտինն արդեն ս
կսել է այն։ Հարցն այն է՝ որքանով կարող է նա գրավել այս կամ այն տարածքները։ Եվ հարցն այն է՝ ինչպես կանգնեցնել նրան։ Ոչ թե որպեսզի Ռուսաստանը չհաղթի։ Ռուսաստանը ցանկանում է բերել իր «խաղաղությունը» և փոխել մարդկանց կյանքը, որը նրանց դուր է գալիս»,- ասել է նա։
Նա մերժել է Պուտինի պահանջները՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնբասի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի որոշ շրջաններից՝ դրանք որակելով որպես հասարակության բաժանում և հարյուր հազարավոր քաղաքացիների լքում։
Նրա խոսքով, Պուտինին անհրաժեշտ է դադար պատերազմում. «Նրան ևս անհրաժեշտ է այդ դադարը։ Սա ճիշտ է՝ անկախ նրանից, թե ինչ է ասում։ Եվ երբ նա վերականգնվի… Մեր եվրոպացի գործընկերները ասում են, որ դա կտևի երեք-հինգ տարի։ Իմ կարծիքով՝ նա կվերականգնվի առավելագույնը մի քանի տարվա ընթացքում։ Հետո ո՞ւր կգնա նա։ Մենք չգիտենք։ Բայց այն, որ նա կցանկանա շարունակել, փաստ է»,- ասել է նա։
Զելենսկին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հարցերին։ Նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն երկարաժամկետ՝ օրինակ՝ 30 տարի և հաստատված ԱՄՆ Կոնգրեսի կողմից, քանի որ նախագահները ժամկետային են, իսկ ինստիտուտները՝ մշտական. « Մենք խոսում ենք Ամերիկայի մասին։ Եվ նախագահները, մենք բոլորս, ժամկետային ենք։ Մենք ուզում ենք երաշխիքներ, օրինակ՝ 30 տարով։ Քաղաքական էլիտաները կփոխվեն, առաջնորդները կփոխվեն»։
Ընտրությունների անցկացման վերաբերյալ Զելենսկին ասել է, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ դրանց, սակայն պատրաստ է դրանք անցկացնել, եթե դա լինի պատերազմի ավարտի պայման։ «Եթե սա պատերազմի ավարտի պայման է, եկեք անենք դա», — ասել է նա՝ հավելելով, որ ընտրությունները պետք է լինեն ազնիվ և ճանաչված ուկրաինացի ժողովրդի կողմից։ Նա նշել է տեխնիկական դժվարությունները՝ միլիոնավոր քաղաքացիների արտերկրում գտնվելը և օկուպացված տարածքները։
