«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Երբ մեկնարկեց ռուս-ուկրաինական պատերազմը, երկու կողմերում գտնվողների համար էլ Թուրքիայի աշխարհաքաղաքական կարևորությունը փոխվեց: Դա պայմանավորված է նրա աշխարհաքաղաքական դիրքով: Այսպիսի իրավիճակ եղել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 2024թ.-ից հետո հատկապես ԵՄ-ի համար այնքան է բարձրացել Թուրքիայի կարևորությունն անվտանգային նոր ճարտարապետության համատեքստում, որ անտեսել է իր համար սրբության սրբոց բոլոր կարմիր գծերը: Դրա վկայությունն է Ստամբուլի ընտրված քաղաքապետ Էքրամ Իմամօղլուին մեկ տարուց ավելի շինծու մեղադրանքներով փակելը, երբ վերջինս ընդդիմության միասնական թեկնածուն է առաջիկա նախագահական ընտրություններում: Եվրոպայից ծպտուն անգամ դուրս չեկավ:
- Եվրամիության կողմից ակնհայտ ճնշում կա որոշ երկրների վրա, որ Թուրքիայի վրայից արգելքները հանվեն, ու վերջինս դառնա Եվրամիության անդամ: Դրանից երկուստեք շահում են և՛ Թուրքիան, և՛ Եվրոպան:
- Այն, որ «Զանգեզուրի միջանցքի» դերակատարը հիմա ԱՄՆ-ն է, դրանից ոչինչ չի փոխվում: Անունը TRIPP լինի, թե մեկ այլ բան, շահողը Թուրքիան ու Ադրբեջանն են՝ շնորհիվ իրենց հետևողականության ու իրենց ծրագրերն իրականացնելու համար ներգրավում են հնարավորինս շատ դերակատարների:
- Մի բան է՝ ինչպիսի փայլուն փաթեթավորմամբ է մեզ ներկայացվում TRIPP-ն այս իշխանությունների կողմից, մեկ այլ բան՝ ինչ է կատարվում իրական բանակցությունների հետևում: Հիշենք, որ Թուրքիայից 2025թ. հունիսին արտահոսք էր եղել առ այն, որ եթե մեզ մոտ չի ստացվում մեր ուզած ձևով վերցնել Միջանցքը, եկեք ներգրավենք նոր դերակատարների: Դրանից 2 ամիս անց եղավ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունը: Մենք հիմա էլ տեղյակ չենք Ադրբեջանի հետ վարվող, այսպես կոչված, սահմանազատման գործընթացից: Վերջում կարդում ենք ինչ-որ անհասկանալի մամուլի հաղորդագրություն: TRIPP-ը դասագրքային օրինակ է, թե ինչպես կարելի է հասարակության ճնշող մեծամասնության հավանությունը չստացած քաղաքական նախագիծը ներկայացնել՝ որպես բարիք:

- Թուրքիան առաջին անգամ տարածաշրջանային 3 երկրում կարողանում է հասարակական-քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալ: 2020թ.-ի պատերազմից հետո կոտրվել է Թուրքիայի՝ այլ երկրների ներքին քաղաքական կյանքին չմիջամտելու տաբուն: Հիմա ոչ միայն միջամտում են, այլև ասում են՝ մեր ուզածով չլինի, կպատժենք: Թուրքիայի Հանրապետությունը 2020թ.-ից հետո կարողացել է հասնել Հայաստանում իր քաղաքական ազդեցության տարածմանը: Հայաստանի դե ֆակտո իշխանությունները կատարում են այն, ինչ ասում է Թուրքիան:
- 2022թ. Դիմադրության շարժման ժամանակ ընդդիմության ցույցերին մասնակցող բոլոր քաղաքացիները Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից որակվել են՝ որպես ծայրահեղական, ռևանշիստ և ազգայնամոլական: Եվ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չարձագանքեց դրան: Ճիշտ հակառակը, դե ֆակտո իշխանությունների խոսույթը համընկնում է Թուրքիայի իշխանությունների խոսույթի հետ:
- Հաքան Ֆիդանի պորտֆոլիոյի մեջ շարունակում է գերակա լինել այն, ինչը գերակա էր, երբ նա Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն էր: Եվ քանի որ այդ կազմակերպության փաթեթում Արցախն առաջնահերթություն էր, իսկ այն կապված է Հայաստանի հետ, կարծում եմ՝ իրենց օրակարգում փոփոխություն տեղի չի ունեցել: Հաքան Ֆիդանը ներկայիս պաշտոնի բերումով ևս շարունակում է հետաքրքրություն ունենալ Հայաստանի նկատմամբ: Մենք գործ ունենք շատ բանիմաց պաշտոնյայի հետ, ով ուշի ուշով հետևում է ներհայաստանյան գործընթացներին, այդ թվում՝ սոցհարցումներին: Թուրքիայի իշխանությունը շատ լավ տեսնում է, որ Փաշինյանը երկրում աջակցություն չունի, դրա համար էլ աջակցում են նրան: Թուրքական ու ադրբեջանական մեդիան երբեմն շատ ավելի մանրամասն են ներկայացնում հայաստանյան գործընթացները, քան մենք: Դա նշանակում է, որ դրանք նրա համար ունեն անվտանգային հույժ կարևորություն:
- Երբ դու գովազդում ես մեկի գիրքը, ում կինը բացահայտ քո գերիներին առևտրի առարկա դարձնելու մասին էր խոսում, հարց է ծագում՝ լա՛վ, դու տարրական գթասրտություն չունե՞ս քո հայրենակիցների նկատմամբ: Կամ չգիտե՞ս, որ Էրդողանի գիրքը գովազդելը բացասական արձագանք է ունենալու այստեղ: Դա մի գիրք է, որը գրվել է նրա համար, որ հիմնավորի Թուրքիայի պահանջը ՄԱԿ-ի Անվտանգության 5 անդամներին փոխելու հարցում՝ Թուրքիային ներառելով դրանց թվում: Չկա որևէ հիմնավորում, որը բավարար է՝ արդարացնելու համար նման քայլը: Ոնց որ գնաս Աթաթուրքի արձանի մոտ կանգնես ու նկարվես: Հունաստանի վարչապետն ու նախագահը հաստատ չեն գնում ու թուրքերի հետ բանակցելիս ասում՝ շնորհակալություն, որ գրավել եք Սուրբ Սոֆիայի տաճարը: Նույնիսկ Էրդողանն այնքան չի գովազդել իր գիրքը, որքան մեր իշխանությունը:
- Թուրքիան իսկապես մեծ ջանքեր է գործադրել, որ Հայաստանում այս իշխանությունների միջոցով ստեղծի այնպիսի տեղեկատվական պատրանք, որում թուրքերն աշխարհի ամենաբարի անձինք են, և մեզ հետ տեղի ունեցած հարցում մեղավոր ենք մենք, ոչ թե թուրքերը՝ բացելով մեր դռները Հանրապետության նվաճման համար: Ուստի մեր հասարակությանը պետք է անդադար բացատրել՝ ինչ կա թաքնված փայլփլուն թղթերի հետևում:
- Ես վստահ չեմ՝ գրառումը ջնջելու համար Վենսը Թուրքիայի՞ց էր զանգ տացել. Միգուցե այլ տեղից էր ստացել: Վենսն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, ով եկել էր Հայաստան, ու նա Ցեղասպանության հուշահամալիր այցելեց միայնակ: Սա ամենամեծ զիջողականությունն է: Դա յուրահատուկ դավաճանություն էր, ոչ միայն պետական արարողակարգի խեղաթյուրում: Չկա այս աշխարհում ուժ, որը կարող է հայ մարդուն արգելել հարգանքի տուրք մատուցել ու ծաղիկ խոնարհել Ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ: Բայց հայ պաշտոնյաների համար, փաստորեն, կա:

- Պարբերաբար հայաստանյան պաշտոնյաներից հնչում են խոսքեր, որ Հայ Առաքելական եկեղեցին ծայրահեղ իսլամիստական խոսույթ ունի: 90-ականներից, երբ սկսվում է ծայրահեղ հակահայկականության նոր քարոզն Ադրբեջանում, 1992թ. Ադրբեջանում մի ֆիլմ է նկարահանվում «Ճիչ» անունով, որում հերոսն ասում է՝ նայի՛ր, սա այն շենքն է, որի նկուղներում պատրաստվում են հայ ահաբեկիչները, ու ցույց է տալիս Մայր Աթոռի շենքը: Ու հիմա Եկեղեցու հասցեին նույն խոսույթը հնչում է Հայաստանի որոշ պաշտոնյաների շուրթերից:
- Ինձ հասանելի աղբյուրներն ասում են՝ ԱՄՆ-ը լրջորեն դիտարկում է Իրանին ավիահարվածներ հասցնելու հարցը: Իրանի վրա ցանկացած հարձակում ճնշում է Հայաստանի հարավի վրա: Սյունիքի շուրջ առկա բալանսը մի բեկորով կարող է խախտվել, եթե նման բան լինի: Հուսամ՝ չի լինի, բայց Սյունիքի վերաբերյալ ադրբեջանական մեծ ախորժակը զսպում էր իրանական ուժեղ պետականությունը, ու դրա թուլացումը մեզ համար հղի է լուրջ վտանգներով: Ես չեմ պատկերացնում, որ այս իրավիճակում Հայաստանի նորմալ իշխանությունն այլ բանով ժամանակ կունենա զբաղվել, քան Հայաստանի անվտանգության մասին մտածելը, ու կզբաղվի երգի ու պարի համույթ ստեղծելով: Հույս ունեմ՝ 4 ամսից՝ ընտրություններից հետո, մենք կունենանք բոլորովին այլ իշխանություն, այլ իրավիճակ, և մեր իշխանությունը կզբաղվի իսկապես ազգային ու պետական խնդիրներով:
- Սյունիքը հարավկովկասյան տարածաշրջանի ամենափխրուն ու պայթյունավտանգ վայրերից մեկն է: Այստեղ սկսվածը կարող է դառնալ խոշոր պատերազմ: Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում, իր արձագանքը կարող է գտնել Սյունիքում, և՝ հակառակը: Սյունիքն ուղիղ իմաստով դառնում է բախման թատերաբեմ: Սա ինքնին շատ վտանգավոր է:
- Ես չեմ պատկերացնում ԱՄՆ որևէ նախագահ, որը շահագրգռված կլինի իր նախորդի անունով անվանված նախագծի առաջմղման հարցում: Երկու տարուց Թրամփն արդեն նախագահ չի լինելու, և այն, ինչ կա հիմա, երկու տարուց չի լինելու, անգամ, եթե Ջեյ Դի Վենսը դառնա ԱՄՆ նախագահ:
- Ես ինձ ինչ հիշում եմ, հայ-թուրքական սահմանի բացման մասին լսում եմ: Լինելու է սիմվոլիկ բացում 3-րդ երկրների ներկայացուցիչների համար, և վերջ: Հայաստանի հետ փակ սահմանը Թուրքիային ավելի շատ տնտեսական օգուտ է տալիս, քան կտար որևէ բաց սահման: Հայաստանը ոչ մեկի հետ սահման չի փակել, Հայաստանն են առել բլոկադայի մեջ:
- Քրդերի ինքնավարությունը չեզոքացնելը ձեռնտու է և՛ ԱՄՆ-ին, և՛ թուրքերին: Սրանք այն քրդերն են, ում նախկինում աջակցում էր Ամերիկան: Զինում էր, զորք էր տալիս, ասում էր՝ կռվեք: Հիմա քրդերին թուրքերը կոտորում են: Եվ երբ ամերիկյան զորքը լրիվ դուրս գա, քրդեր էլ չեն լինի: Մեր պարագայում անգամ բանակ չկա:
- Հնարավոր չէ գլուխը ջայլամի պես մտցնել ավազի մեջ ու ասել՝ վտանգ չկա: Ալիևն ուղիղ տեքստով ասում է՝ հայերը պետք է պետություն չունենան: Վտանգն առավել, քան իրական է: Թուրքերն ինչի՞ պետք է ուզենան, որ Հայաստան լինի, եթե դիմացինի տարածքները հնարավոր է վերցնել ու օգտագործել սեփական շահի համար: Իսկ թուրքերի համար Թուրանի նախագիծն առավել, քան ռեալ է, ու նրանք դա տեսնում են:

- Արցախում հայկական պետական ռազմական ներկայությունն ամբողջ տարածաշրջանային բալանսի բանալին էր: Չկա հայ զինվոր Արցախում, չկա տարածաշրջանային փխրուն բալանսը: Ցավոք, սա չհասկացան նաև տարածաշրջանային երկրները:
- Եկեղեցին ոչնչացնել չի ստացվելու: Որևէ ուժ չի կարողանալու թուլացնել ու ոչնչացնել այդ ինստիտուտը: Մեր թշնամիների ծրագրերը ոչ նոր են, ոչ էլ՝ աննախադեպ: Մեր թշնամին նույնն է վերջին ամենաքիչը 10 դարում: Փոփոխություն բերել հնարավոր է, ու բերողը լինելու է հայ հասարակությունը: Մեր խնդիրն է մեր հասարակությանը հիշեցնել իր իսկ սրբազան կարևորագույն հատկանիշները:
Մանրամասները՝ տեսանյութում։