Մեր երկրի նախագահը, եթե, իհարկե, ճանաչում եք, ընդունեց հրամանագիր, որ ընտրությունները լինելու են 2026 թվականի հունիսի 7-ին, հաշվի չճառնելով, որ այս պրոցեսը լինում էր 90 օր առաջ, այս վերջում եղավ 120 օր առաջ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Այս հրամանագրից ենթադրվում է, որ առհասարակ որևիցե բարեգործական պրոցես չի կարող իրականացվել։ Այս մարդիկ ի՞նչ են մտածում, նախ ում հետ են համեմատվում, իրենց արշինով են փորձում չափել։ Եթե իրենք ձեզ, մեզ, առհասարակ մեր ժողովրդին հիշում են միայն նախընտրական շրջաններում իրենց փուչ խոստումներով, 7 տարի ապացուցած, որ ոչ մի խոստում չեն կատարել, իրենց ոչ մի բարի վերաբերմունքով, ուշադրությունով եկել համեմատվում են Սամվել Կարապետյանի հետ, ով 30 տարուց ավել իր սեփական աշխատած գումարով եղել է մեր ժողովրդի կողքին։ Սկսած սովորական ուսանողի վարձավճարից մինչև եվրոպական ստանդարտներով մեծ հիվանդանոց կառուցելով ու նվիրելով մեր ժողովրդին։ Փետրվարի 7-ից բոլորի համար կանոնները նույնն են, թե՛ մեր, թե՛ «ՔՊ»-ի»,-ասել է Ալեքսանյանը։
Նա ընդգծել է այն հանգամանքը, որ փետրվարի 9-ին «ՔՊ»-ի մարզպետը որոշում է կայացրել պետբյուջեից օգնություն բաժանել։
«Դուք մեր փողով մեզ օգնություն եք տալիս՝ կարելի է, մեզ մեր աշխատած փողով բարեգործություն անել չի կարելի՞։ Նորից եմ ասում, որ այս մարդիկ ժողովրդի մասին հիշում են միայն նախընտրական շրջանում։ Մենք էլ, դուք էլ արդեն վաղուց հասկացել ենք, նախընտրական փուլում էլ մեր ու ձեր փողով փորձում են լավություն անել։ Հավաստիացնում եմ, այս ամեն ինչի վերջն արդեն եկել է։ Շատ շուտով մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ունենալու ենք ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան, ով տեր է լինելու մեր պետական բյուջեն մտնող ամեն լումային, լավացնելու է մեր ժողովրդի ապրուստը»,-ասել է նա։