Տոկաևն առաջարկել է Թրամփի մրցանակ սահմանել՝ խաղաղության ոլորտում նվաճումների համար

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է սահմանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով հատուկ մրցանակ՝ խաղաղության կառուցման գործում ունեցած նվաճումների համար, առաջարկը ներկայացվել է Խաղաղության խորհրդի՝ Վաշինգտոնում կայացած առաջին նիստում։

Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ ամերիկացի առաջնորդի ղեկավարությամբ Խաղաղության խորհուրդը հաջողությամբ կկատարի «իր մեծ և ազնիվ առաքելությունը»։

Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Խաղաղության խորհրդի նիստում, կրկին հիշատակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը։

Խաղաղության խորհուրդը ստեղծվել էր հունվարի 22-ին։ Հայաստանը այն 19 երկրներից մեկն էր, որոնք ստորագրել էին խորհրդի հիմնադրման փաստաթուղթը։ Խաղաղության խորհրդի ստեղծման գաղափարը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսում է միջազգային հարթակի ստեղծում Գազայի հակամարտության կարգավորման համար՝ դրա մանդատը այլ ճգնաժամերի վրա ընդլայնելու հնարավորությամբ։ Փետրվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Փետրվարի 12-ին Իսրայելը ևս միացել էր Խաղաղության խորհրդին։

Leave a Comment