Հաջիև․ Վարդանյանի դատավճիռը նշանավորում է հակամարտության խորհրդանշական ավարտը

Հաջիև․ Վարդանյանի դատավճիռը նշանավորում է հակամարտության խորհրդանշական ավարտը

19 փետրվարի 2026 – 16:30 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը X-ի միկրոբլոգում գրել է, թե Բաքվի դատարանի կողմից «օլիգարխ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ դատավճիռը ոչ միայն արդարադատության իրականացում է, այլև ադրբեջանական ժողովրդին մեծ տառապանք պատճառած գրեթե 30 տարի տևած հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ»:

Նա նաև «ծայրաստիճան անբարոյական» է անվանել Վարդանյանին և մյուս հայ դատապարտյալներին ազատելու Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների և Amnesty International-ի նման կազմակերպությունների կոչերը:

Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կայացված դատավճիռը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ, ասել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը:

«Ադրբեջանը, առաջ մղելով հակամարտության կարգավորման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդելը և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ, նաև ապահովել է պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց համար, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց։

Խոջալուի հերթական տարելիցի նախօրեին այս դատական որոշումների հրապարակումը հարգանքի տուրք է այդ ողբերգության և ամբողջ հակամարտության անմեղ զոհերի հիշատակին։

Մենք ակնկալում էինք, որ կստեղծվեն միջազգային դատարաններ կամ տրիբունալներ՝ ինչպես Նյուրնբերգյան դատավարությունները, Հարավսլավիայի նախկին տարածքի միջազգային քրեական տրիբունալը կամ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը։ Սակայն, այսօրվա անարդար միջազգային միջավայրում անգամ իրավունքի կիրառումը դարձել է ավելի քաղաքականացված և ենթակա երկակի չափանիշների։ Այդ պատճառով Ադրբեջանը կազմակերպել է բաց դատական գործընթացներ և իր սեփական իրավական համակարգի միջոցով ապահովել է արդարադատությունը՝ ներկայացնելով դա որպես օրինակ միջազգային հանրության համար»,-ասվում է գրառման մեջ:

Հաջիևը նաև մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը France 24-ին տված հարցազրույցից, որտեղ նա հայերին «նացիստներից էլ վատն է» անվանել և մերժել հայ գերիներին ազատելու հնարավորությունը:

Ըստ Հաջիևի՝ «պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձի արդարացումը գնահատվում է որպես այդ հանցագործությունների լեգիտիմացում և պատասխանատվության խաթարմանը համակողմանի մասնակցություն»:

Բաքվի դատարանը փետրվարի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավճիռը, ըստ որի՝ նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման պատերազմական հանցագործությունների համար, թեև երբեք չի մասնակցել ռազմական գործողություններին և նույնիսկ Արցախի տարածքում չի եղել 2020-ի և Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Leave a Comment