19 փետրվարի 2026 – 11:26 AMT
PanARMENIAN.Net – Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաների նկատմամբ որևէ պարտադրանքով կամ ճնշմամբ։ Այդ մասին ասվում է թեմի 19 հոգևորականի տարածած հայտարարությունում։
Նշվում է, որ վերջին օրերին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը տեղեկատվական տարբեր հարթակներից հրապարակ է նետել թեմի քահանաների վերաբերյալ «իրականությունը աղավաղող կեղծ տեղեկություններ և չարամիտ վերլուծություններ, որոնք կարոտ են լուսաբանման»։
«Այն պատկերը, որ նկարագրվում է նախկին առաջնորդի կողմից, հիշեցնում է «ծուռ հայելիների թագավորությունը»՝ իրականությունը գլխիվայր շրջված։ Ամենայն Հայոց կաթողիկոսին հասցեագրված մեղադրանքները, իրականում, նկարագրությունն են հենց իր գործելաոճի, որ կիրառել է քահանաներիս հանդեպ պաշտոնավարման ամբողջ ընթացքում։ Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման և մշտական անորոշության մթնոլորտում։
Կանգնած լինելով մեր խղճի և պատասխանատվության առջև՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրել ենք նախկին առաջնորդի իրական կերպարը։ Այսօր, հետահայաց նայելով Վեհափառ hայրապետի կողմից առաջնորդի փոփոխության որոշմանը, մենք՝ քահանաներս ու հավատացյալները, հստակ ու շոշափելիորեն զգում ենք թեմում թևածող ազատության շունչը և հոգևոր ուրախությունը, որ փորձ է արվում նախկին առաջնորդի կողմից հակականոնական և հակասահմանադրական ճանապարհով մեզանից խլելու»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ նՆախկին Գևորգ սրբազանը քահանաներին մեղադրում է իբր հանուն օրվա հացի ճշմարտությունը զոհաբերելու մեջ, ինչը ոչ միայն հերյուրանք է, այլև ծանր վիրավորանք իրենց արժանապատվությանը։
«Տարիներ շարունակ թեմի առաջնորդի անմիջական պարտականությունն է եղել ապահովել քահանաներիս արժանապատիվ վարձատրությունը, ինչը հակառակ բազում խոստումների՝ չի իրագործվել։ Ավելին՝ քահանաներս հաճախ կեղեքվել ենք՝ ստիպված լինելով սեփական միջոցներից հոգալ թեմի եկեղեցիների կոմունալ ծախսերը, կազմակերպել դրամահավաքներ՝ կարիքավոր քահանաներին օգնելու և միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև զբաղվել գրքերի և այլ ապրանքների վաճառքով՝ թեմի բյուջեն համալրելու պատճառաբանությամբ։ Շատ դեպքերում չվաճառված գրքերի դիմաց պարտավորվել ենք վճարել ինքներս»,– շեշտել են հոգևորականները։
Նրանց գնահատմամբ՝ թեմի նախկին առաջնորդի կողմից քահանաների ծառայության վայրերի հաճախակի, կամայական և ընտրովի փոփոխությունները լուրջ ազդեցություն են ունեցել ոչ միայն ծառայության արդյունավետության, այլև նրանց ընտանիքների հոգեբանական կայունության վրա։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10-ին ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու պատճառով հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ է հռչակել։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հայտարարված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, ինչպես նաև սահմանել է Հայաստանից նրա ելքի արգելք։