Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի, սպանության և խուլիգանության հատկանիշներով, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Քրվարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 155-րդ հոդվածի (սպանությունը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառությունը, առավելագուն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) հատկանիշներով:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցում կրակոցներ են հնչել։ Ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, մեկ անձ մահացել է, երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: ՆԳՆ-ն հայտնել էր, որ պարզել են տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը։
