Թուրքիան ցանկանում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Եթովպիա կատարած այցից վերադառնալուց հետո։
Էրդողանը նշել է, որ Անկարան լավ հարաբերություններ ունի և՛ Վաշինգտոնի, և՛ Թեհրանի հետ։
«Մենք՝ որպես Թուրքիա, մեր բոլոր գործընկերներին հստակորեն հայտարարել ենք, որ դեմ ենք Իրանում ռազմական միջամտությանը։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա», – ընդգծել է Էրդողանը։
«Իրանի դեմ նոր պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի, ընդհակառակը, մեր տարածաշրջանը կկորցնի շատ բան։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղությանը և այս հարցին մոտենում ենք դրական հույսերով։ Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական էսկալացիան և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության», – հավելել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ Թուրքիան հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի» նիստին, և որ Անկարան կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։