18 փետրվարի 2026 – 15:42 AMT
PanARMENIAN.Net – Ժնևում տեղի են ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Դրանք անցել են «ծանր, բայց գործնական» մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հայտարարել է, որ մոտ ապագայում տեղի կունենա հաջորդ հանդիպումը:
ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «խոշոր թեմաներ և խոշոր փոխզիջումներ»։ ՌԲԿ-ի բանակցային խմբի աղբյուրն իր հերթին հայտնել է, որ քննարկումները եղել են լարված, իսկ հանդիպումները անցկացվել են ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով։
Նման գնահատական է տվել նաև Reuters-ի աղբյուրը։
Բանակցություններն անցկացվել են փակ ձևաչափով՝ առանց մամուլի մասնակցության:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ օրակարգում եղել են անվտանգության և հումանիտար հարցերը, հայտնում է Current time-ը:
«Մենք ունենք Ուկրաինայի նախագահի կողմից համաձայնեցված աշխատանքի շրջանակներ և հստակ մանդատ ։ Մենք աշխատում ենք կառուցողական, կենտրոնացած և առանց ավելորդ սպասումների։ Մեր խնդիրն է՝ առավելագույնս առաջ մղել այն լուծումները, որոնք կարող են մոտեցնել կայուն խաղաղությունը», – հայտնել է նա։
ՌԻԱ Նովոստին հաղորդել է, որ Ժնևի Intercontinental հյուրանոց է ժամանել նաև բրիտանական պատվիրակությունը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի գլխավորությամբ։ Գործակալության տվյալներով՝ Փաուելը արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի և ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դեն Դրիսկոլի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, կողմերը մտադիր են քննարկել ավելի լայն հարցերի շրջանակ, քան Աբու Դաբիում կայացած նախորդ փուլերում, այդ թվում՝ տարածքների թեման։
The Economist-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ֆոնին ուկրաինական պատվիրակությունում առաջացել են ներքին տարաձայնություններ խաղաղության համաձայնագրի ժամկետների շուրջ։ Մասնակիցների մի մասը նպատակահարմար է համարել հնարավորինս արագ համաձայնության հասնել ԱՄՆ միջնորդությամբ՝ մտավախություն ունենալով, որ կփակվի «հնարավորությունների պատուհանը»։ Աղբյուրները այդ մոտեցումը կապել են Բուդանովի հետ։ Նրա ընդդիմախոսները կողմնորոշվել են նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի մոտեցմանը և ավելի կասկածամտորեն են վերաբերվել արագ խաղաղության հեռանկարին։ Ամսագիրը նշել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձել է հավասարակշռել այս դիրքորոշումները։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղության համաձայնության հասնեն մինչև ընթացիկ տարվա հունիս։ Մյունխենի անվտանգության համաժողովում նա նշել է, որ ԱՄՆ-ը «չափազանց հաճախ» խոսում է Ուկրաինայից զիջումների անհրաժեշտության մասին։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմը իրեն տեղեկացրել է, թե Ռուսաստանը «երաշխավորում է» պատերազմի արագ ավարտը, եթե ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասից, սակայն ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ չէ լքել իր վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածքները, բայց պատրաստ է դիտարկել փոխզիջում, օրինակ՝ ազատ տնտեսական գոտու ստեղծումը։
Նախորդ փուլը կայացել է փետրվարի 4–5-ին Աբու Դաբիում և բոլոր կողմերից գնահատվել է կառուցողական։ Դրա արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով «157-ը 157-ի դիմաց» ձևաչափով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Կողմերի ընդունմամբ՝ ամենաբարդ հարցերից մեկը մնացել են տարածքային պահանջները։ Մոսկվան պնդել է, որ ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Դոնբասից, մինչդեռ Կիևը հրաժարվել է զիջումներից և պահպանել է «կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» դիրքորոշումը։ Ուկրաինայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում «նվիրել» իր տարածքները որևէ մեկին։