18 փետրվարի 2026 – 12:48 AMT
PanARMENIAN.Net – Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները չեն քննարկում արցախցիների սոցիալական խնդիրները մեղմելու հարցերը` միաժամանակ արձանագրելով, որ Արցախի նախկին պաշտոնյաներից որոշներն էլ չեն կազմակերպում հանդիպումներ։
Նա իր խոսքն ուղղել է «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն և Վարչության նախագահ Արտակ Բալայանին՝ անդրադառնալով բանկի բաժնետիրական կառուցվածքին և ֆինանսական միջոցների կառավարմանը, հայտնում է Panorama.am-ը:
«Պարոն Բալայան, «Արցախբանկի» բաժնետոմերի 43 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին։ 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևէ կերպ չենք կարողանում մասնակցել։ Միայն 2024 թվականի շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։
Ինձ վստահեցրել են, որ այդ հանդիպումը տեղի կունենա, բայց քանի ամիս է դրական դինամիկա չկա։ Այս տեսանյութը կարող եք համարել հանդիպման ևս մեկ առաջարկ»,- ասել է Իսկանդարյանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։