Ինչպես արդեն հայտնել էինք՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Պարզելու համար թե արդյո՞ք դադարեցվել են վերջինիս լիազորությունները Սահմանադրական դատարանում, Iravaban.net-ը համապատասխան հարցում էր ուղարկել։
Մեր հարցմանն ի պատասխան ՍԴ-ից հայտնում են, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով, քանի որ 2026 թվականի փետրվարի 12-ին օրնական ուժի մեջ է մտել Վճռաբեկ դատարանի որոշումը, որով Վճռաբեկ դատարանը մերժել է երաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ կողմերի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը։
Սահմանադրության 213-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարումից հետո ՍԴ դատավորի թափուր տեղի համար ՀՀ Ազգային ժողովին դատավորի թեկնածու առաջադրելու հերթը ՀՀ նախագահինն է։ Հետևաբար՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով իրեն վերապահված պարտականության ուժով Սահմանադրական դատարանի նախագահը դիմել է ՀՀ նախագահին՝ առաջացած թափուր տեղի համար նախատեսված մեկամսյա ժամկետում ՀՀ Ազգային ժողովին ՍԴ դատավորի մեկ թեկնածու առաջադրելու խնդրանքով։