Իշխանությունների ֆանտազիան ոչ ոք չունի․ Ղազինյանը՝ «ներդրումները ներդնելու» ՀԾԿՀ հայտարարության մասին

«Հայկական էլեկտրական ցացեր» ՓԲԸ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ֆանտաստիկա է համարել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի այն պնդումը, թե ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումները հնարավոր է իրականացնել նախորդ տարիների շահույթի հաշվին։

Մեսրոպյանը նշել էր, որ վերջնահաշվարկ կատարելիս 2026 թվականի ներդրումային ծրագրի գումարը կներառվի ՀԷՑ-ի սեփականատերերին վճարման ենթակա միջոցների չափի մեջ, իսկ այդ ընթացակարգը չի պահանջում այս հարցի առանձին հաստատում ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կողմից։

Ըստ Ղազինյանի՝ նմանատիպ հայտարարությունները կտրված են իրականությունից և վնասում են պետության հեղինակությանը։

Ղազինյանը նկատել է, որ ժամանակին ներդրումների «ուռճացված» լինելու մասին թեզն այլևս չի կիրառվում, ինչը փաստում է նախկին խոսույթի սխալ լինելը։ Նա հավելել է, որ չնայած կառավարման համակարգի փոփոխություններին, մասնագիտական հիմնական կազմը նույնն է մնացել։

Անդրադառնալով ոլորտի արդյունավետությանը՝ նախկին պաշտոնյան մատնանշել է վթարների թվի աճը, որը, նրա խոսքով, «տեսանելի է բոլորի մաշկի վրա»։ Ղազինյանը կոչ է արել քաղաքացիներին ինքնուրույն գնահատել կառավարման էֆեկտիվությունը՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման ներկայիս որակը։

Նա շեշտել է, որ պետական մարմինները իրավունք չունեն հնչեցնել ձևակերպումներ, որոնցից տուժում է պետությունը։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Leave a Comment