Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման

Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման

17 փետրվարի 2026 – 11:36 AMT

PanARMENIAN.Net – Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել շինծու գործերով անցնող հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Փետրվարի 10-ին կայացած նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտը, ինչից հետո դատական կազմը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, հայտնում է Haqqin.az-ը:

Ռուբեն Վարդանյանին վերագրվել են «խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», թեև նա երբևէ չի մասնակցել ռազմական գործողությունների և չի եղել Արցախի տարածքում պատերազմի ժամանակ:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, պատասխանելով France 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին, մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»: Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում, և դրանով քննարկումն ավարտվել է:

Leave a Comment