ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ընտրած քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ելույթի հեռարձակման ժամանակ, հաղորդավարը խուսափել էր նշել Արա Գևորգյանի ստեղծագործության անունը՝ «Արցախ» ։
Լրագրողի հարցին՝ կարծո՞ւմ է, որ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը պետք է հեռացվի YouTube-ից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց.
«Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում։ Եթե առանձին YouTube-ի վերաբերյալ Ձեր հարցին անդրադառնամ, ապա, իհարկե, ոչ»։
Նշենք, որ Ադրբեջանն ավելի վաղ «Արցախ» ստեղծագործության առնչությամբ բողոք էր ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե։ Ըստ Apa.az-ի՝ ադրբեջանական կողմը պնդել էր, որ «Արցախ» անվանումը կրող երաժշտության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում ունի քաղաքական ենթատեքստ և հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին։
Հիշեցնենք, որ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում երեկ հանդես էր եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։