2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կալանալիք խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը, իսկ ցուցակը կառաջնորդի Նարեկ Կարապետյանը, ով անցումային ղեկավարի կարգավիճակով հանդես կգա և կկատարի անհրաժեշտ գործառույթներ նոր ընտրվող Ազգային ժողովի ձևավորման ընթացքում՝ ապահովելով անցումային տեխնիկական գործընթացների կազմակերպումը։
Սակայն, ըստ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի, Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, քանի որ չի համապատասխանում այդ հոդվածով պատգամավորի և կառավարության անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։
Սամվել Կարապետյանը, բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև այլ երկրների քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի թեկնածու կարող է լինել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակված անձը։