Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 5․201․747 անձ, դուրս է եկել՝ 5․171․270-ը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից:Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե՛ մուտքերի, թե՛ ելքերի առումով ամենաբարձր գրանցված մակարդակներն են, ինչը վկայում է սահմանային շարժերի ընդհանուր ակտիվության աճի մասին։ Արդյունքում արձանագրվել է սահմանահատման դրական հաշվեկշիռ (սալդո)՝ +30․477։ Բայց այս համատեքստում առավել հատկանշական է ՀՀ քաղաքացիների հաշվեկշիռը՝ +8․660։ Վերջին 15 տարիների ընթացում՝ սկսած 2010 թվականից ՀՀ քաղաքացիների մասով դրական հաշվեկշիռ գրանցվել է 2020 թվականին, որը բացառապես պայմանավորված էր COVID-19 համավարակով և շեղում էր օրինաչափ դինամիկայից և կրում էր հիմնականում հարկադիր և իրավիճակային բնույթ։ Ի տարբերություն 2020 թվականի՝ 2025 թվականի դրական հաշվեկշիռը ունի այլ կառուցվածքային հիմքեր։ Այն բացառիկ է, քանի որ պայմանավորված է երկրի ներքին կայունության, անվտանգության միջավայրի բարելավման, այդ թվում՝ նաև ներքին անվտանգության մակարդակով, զբոսաշրջային հոսքերի համար գրավիչ միջավայրով և տնտեսական ակտիվության աճով, որոնք նպաստել են արտագաղթի տեմպերի նվազմանը և ներգաղթի միտումների ձևավորմանը։