Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»։ Lարված հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 17-րդ րոպեին, երբ Անդրեա Կամբիասոն գրավել է սեփական դարպասը: Ընդամենը 9 րոպե անց թուրինցիների պաշտպանը ուղղել է սխալը, գնդակ ուղարկելով արդեն մրցակիցների դարպասը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Յուվենտուսը» մնացել է 10 հոգով։ 42-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել և դաշտից հեռացվել Պիեռ Կալյուլուն:
Թվային առավելություն ստացած միլանյան ակումբը երկրորդ խաղակեսում մեծացրեց ճնշումը: 76-րդ րոպեին Ֆրանչեսկո Էսպոզիտոն առաջ մղեց միլանցիներին, սակայն հյուրերը, չնայած փոքրամասնությանը, կարողացել են պատասխան գոլ խփել։ 83-րդ րոպեին աչքի է ընկել Մանուել Լոկատելին:
Հանդիպման ելքը վճռվել է հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին։ Պյոտր Զելինսկու գոլը հաղթանակ է բերել «Ինտերին»:
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն մնացել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել։
Սա «Ինտերի» 6-րդ անընդմեջ հաղթանակն էր։ 61 միավոր միլանցիները շարունակում են վստահորեն գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Յուվենտուսը» 46 միավորով 5-րդ տեղում է։