Օմանը հաջորդ շաբաթ Ժնևում կկազմակերպի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ։ Այս մասին TASS-ին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պիեռ Գոբեն։
«Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը պահպանում է կապերը կողմերի հետ և վերահաստատել է իր պատրաստակամությունն աջակցելու հակամարտության լիցքաթափմանն ուղղված ցանկացած դիվանագիտական նախաձեռնության։ Այս համատեքստում Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Օմանի Սուլթանությունը հաջորդ շաբաթ Ժնևում կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ», – ասել է Գոբեն։ Նա ընդգծել է, որ կոնֆեդերացիան «ողջունում և աջակցում է այդ բանակցություններին»։ Նա հավելել է, որ Շվեյցարիան պատրաստ է «ցանկացած պահի առաջարկել իր բարի ծառայությունները» Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունը խթանելու համար։
Ավելի վաղ Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է փետրվարի 17-ին Ժնևում, Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններից բացի, դիվանագիտական խորհրդակցություններ անցկացնել Իրանի վերաբերյալ։