13 փետրվարի 2026 – 14:51 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Ըստ ընդունված կարգավորումների՝ աջակցող միջոցների տրամադրման կամ դրանց վերանորոգման փոխհատուցման գործընթացում պետության հետ համատեղ կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպություններ, հայտնում է 1lurer.am-ը:
Միաժամանակ հստակեցվել են անկախ կյանքի կենտրոնի հասկացությունն ու գործառույթները, սահմանվել են միասնական կանոններ և մոտեցումներ՝ նպատակ ունենալով ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և որակյալ ծառայությունների մատուցումը։
Սահմանվել է նաև անձնական օգնականի ծառայությունների մատուցման նոր կարգ, որի արդյունքում գործընթացը դարձել է եռակողմ՝ մեկ միասնական պայմանագրի կնքմամբ։
Բացի այդ, ֆունկցիոնալության գնահատում անցած և գործող գնահատման որոշում ունեցող անձինք նոր ծառայություն ստանալու նպատակով կրկնակի գնահատում չեն անցնելու․ փոփոխությունը կատարվելու է միայն Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։