13 փետրվարի 2026 – 14:45 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում վաղ առավոտից կատարված խուզարկություններն առնչվում են ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների և իբրև թե նրանց հետ փոխկապակցված ընկերությունների հետ։ Այդ մասին նա ասել է բուժկենտրոնում կատարված խուզարկություններից հետո լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններ են կատարվում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում։
Էրիկ Ալեքսանյանը որոշ մանրամասներ է հայտնել քրեական վարույթից։ Ըստ փաստական հանգամանքների՝ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025թ․, հաղորդումը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթը նախաձեռնվել է։ Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վարույթը նախաձեռնելուց միայն 4 ամիս անց խուզարկություններ անցկացնելու որոշում է կայացվել։
««Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի ներմուծող և արտադրող ընկերություններից։ Այդ կերպ նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունների համար առաջացրել են մեծ շահույթներ՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»,- ասել է Ալեքսանյանը։
Բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ առկա չեն։ Ինչ վերաբերում է թվաբանական ցուցանիշին՝ Ալեքսանյանը նշեց, որ չի կարող հրապարակել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։
Ալեքսանյանը շեշտել է՝ ըստ էության, ամբողջը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն և «տեղավորվում է եկեղեցու դեմ արշավի շրջանակներում»։
Արմեն Չարչյանի աշխատասենյակից որոշակի փաստաթղթերից բացի վերցվել են նաև գումարներ, ինչի մասին խուզարկության մասին որոշման մեջ նշված չէ։ Այսինքն՝ չկա որևէ նշում, որ վարույթ իրականացնող մարմինը որևէ իրավասություն ունի գումար վերցնելու։ Խուզարկության որոշմամբ՝ վարույթ իրականացնող մարմինը վճարահաշվարկային փաստաթղթերից զատ կարող է առգրավել նաև էլեկտրոնային կրիչներ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում իրականացվող խուզարկությանը, ֆեյսբության իր էջում գրել է, որ դա հերթական ռեպրեսիան էեկեղեցու դեմ:
Ըստ նրա՝ դա կարելի է «փաստել անգամ Քննչականի պարզաբանումները չլսելով»:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում «իրավապահ» մարմիններն ամբողջությամբ վերածվել են իշխող քաղաքական ուժի ու անձամբ դրա ղեկավարի նեղ շահերը սպասարկող քաղաքական կառույցների։ Այդ մարմինների աշխատանքում «իրավունքի շահ» կոչվածը գնալով մոմի պես հալչում է։ Այլ կերպ՝ օրենքի ձևական, ընթացակարգային կողմը պահում են, բայց բովանդակային, արժեքային կողմը ոչ մի կապ չունի բուն իրավունքի հետ – փաթեթի վրա գրված է «կոնֆետ», բայց մեջը ինչ-որ աղտեղ բան է։ Ու դրա մասին վկայող փաստերը անթիվ-անհամար են։
Ուստի արդեն հիմա՝ անգամ Քննչականի պարզաբանումները չլսելով, կարելի է փաստել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ, ու այն ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ։»,- նշել է Մելիքյանը։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում իրականացվում են քննչական գործողություններ։
Արմենպրեսի տեղեկություններով քրեական վարույթը նախաձեռնվել է հարկեր տուրքեր թաքցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։