ՌԴ-ն կմասնակցի ՀՀ երկաթուղիների վերականգնմանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարակից հատվածներում

ՌԴ-ն կմասնակցի ՀՀ երկաթուղիների վերականգնմանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարակից հատվածներում

13 փետրվարի 2026 – 12:01 AMT

PanARMENIAN.NetՌուսաստանը կմասնակցի Հայաստանի տարածքից դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Խոսքը վերաբերում է Երասխ քաղաքի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ինչպես նաև Ախուրյան գյուղի շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանին գտնվող գծերին, հայտնում է «Վեդոմոստին»:

Օվերչուկը նշել է, որ համապատասխան որոշումը ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների հիման վրա, որոնք նախատեսում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

Ռուսական կողմը պատրաստ է անցնել առարկայական բանակցությունների, որոնց ընթացքում սահմանվելու են նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ պարամետրերը՝ մոտ 1.6 կիլոմետր և 12.4 կիլոմետր երկարությամբ հատվածների վերականգնման համար։

Փոխվարչապետի խոսքով՝ այդ գծերի գործարկումը ապահովելու է Ռուսաստանի համար ուղիղ երկաթուղային կապ Նախիջևանի ինքնավար հանրապետության, Թուրքիայի՝ Միջերկրական ծովի նավահանգիստներին ելքով, ինչպես նաև Իրանի՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներին հասանելիությամբ։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է մասնակցի TRIPP նախագծի իրականացմանը։ Նա հիշեցրել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև այն, որ մինչև 2038 թվականը երկրի երկաթուղային ցանցը կառավարում է «Հարավկովկասյան երկաթուղին»՝ ռուսական ՌԺԴ ընկերության դուստր կառույցը։

«Այս պայմաններում ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող անել առանց Ռուսաստանի», — ասել է Գալուզինը։

Դեկտեմբերին Փաշինյանն ասել էր․ ։«Ես խնդրել եմ մեր ռուս գործընկերներին շտապ կարգով զբաղվել, մասնավորապես, Երասխից մինչև Ադրբեջանի սահման՝ Նախիջևանի ուղղությամբ, ինչպես նաև Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային գծի լիարժեք վերակառուցմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում նույն հարցը կբարձրացնեմ նաև Իջևան — Ղազախ հատվածի առնչությամբ, քանի որ կարծում եմ, որ այդ հատվածը ևս անհրաժեշտ է վերականգնել առավելագույնս սեղմ ժամկետներում։ Հույս ունեմ, որ մեր ռուս գործընկերները կիրականացնեն այս խնդրանքը առավելագույն օպերատիվությամբ»:

Միաժամանակ, մեկնաբանելով TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ հաղորդագրությունները, նա ընդգծել է, որ խոսքը երկկողմ համաձայնագրի մասին է. «TRIPP-ի հետ կապված հռչակագրում նշված է, որ դա Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների մասնակցությունը կարող է քննարկվել բացառապես երկկողմ ձևաչափով։ Այսինքն՝ դա հստակ ամրագրված է, և այդ շրջանակներից դուրս մեկնաբանություններ տալը ես կոռեկտ չեմ համարում»։

Leave a Comment