Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է ինը անձի՝ Լուվրում տոմսերի հետ կապված խարդախ սխեմային մասնակցելու կասկածանքով, հայտնում է Associated Press-ը։
Քննության տվյալներով՝ աշխարհում ամենաշատ այցելվող թանգարանի հասցրած վնասը մեկ տասնամյակում գերազանցել է 10 մլն եվրոն։
Ձերբակալությունները կատարվել են դատական քննության շրջանակում, որը մեկնարկել է Լուվրի կողմից 2024 թվականի դեկտեմբերին ներկայացված բողոքից հետո։ Ձերբակալվածների թվում են թանգարանի երկու աշխատակից, մի քանի զբոսավար և ենթադրյալ կազմակերպիչը։
Դատախազության վարկածով՝ խարդախությունը կառուցված էր նույն տոմսերի բազմակի օգտագործման վրա՝ տարբեր զբոսաշրջային խմբերի համար։ Սկզբում քննիչների ուշադրությունը գրավել են երկու չինացի գիդեր, որոնք, ենթադրաբար, պարբերաբար թանգարան են մուտք գործել խմբերի հետ՝ կրկին ներկայացնելով արդեն օգտագործված տոմսերը։ Հետագայում նմանատիպ գործողություններ են բացահայտվել նաև այլ զբոսավարների դեպքում։
Դիտարկումն ու հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը հաստատել են տոմսերի համակարգված կրկնակի օգտագործումը, ինչպես նաև խմբերի բաժանման պրակտիկան, ինչը թույլ է տվել խուսափել գիդերից գանձվող պարտադիր վճարից։ Քննությունը նաև ենթադրում է, որ զբոսավարները թանգարանի ներսում ունեցել են համախոհներ, որոնց կանխիկ վճարել են՝ ստուգումների բացակայության դիմաց։
2025 թվականի հունիսին սկսված պաշտոնական քննությունը ներառում է կազմակերպված խարդախության, փողերի լվացման, կոռուպցիայի, երկրում ապօրինի մուտքին աջակցելու և կեղծ փաստաթղթերի օգտագործման մեղադրանքներ։ Քննիչների գնահատմամբ՝ ցանցն օրական կարող էր սպասարկել մինչև 20 զբոսաշրջային խումբ։
Ենթադրվում է, որ եկամուտների մի մասը ներդրվել է Ֆրանսիայում և Դուբայում գտնվող անշարժ գույքում։ Խուզարկությունների ընթացքում իշխանությունները առգրավել են ավելի քան 957 հազար եվրո կանխիկ գումար, այդ թվում՝ 67 հազար եվրո օտար արժույթով, ինչպես նաև 486 հազար եվրո բանկային հաշիվներում։
Դատախազությունը նաև նշել է, որ նմանատիպ սխեմաներ կարող էին գործել Վերսալի պալատում ևս, սակայն մանրամասներ չի ներկայացրել։
Կարդացեք նաև՝
Լուվրի թանգարանը բարձրացնում է տոմսի արժեքը ոչ ԵՄ զբոսաշրջիկների համար
