Վիկտոր Սողոմոնյանի սերիալը «Մեծ երկրի հերոսները» կինոմրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» մրցանակին

13 Փետրվարի 2026, 00:02

Alpha Media House-ի հիմնադիր, կինոպրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» սերիալը դարձել է «Մեծ երկրի հերոսները» կինոմրցանակաբաշխության հաղթող՝ «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» անվանակարգում։

«Մեծ երկրի հերոսները» ազգային կինոմրցանակաբաշխության երրորդ արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ փետրվարի 11-12-ին։ Այն նվիրված է այն նախագծերին, որոնք ձևավորում են հերոսի կերպարը, նպաստում երիտասարդության կայացմանն ու դաստիարակությանը, խթանում ավանդական արժեքները և արձագանքում ժամանակակից աշխարհի արդիական մարտահրավերներին։

«Ինձ համար մեծ պատիվ է հենց այս անվանակարգում մրցանակ ստանալը՝ այսքան նախագծերից։ Շնորհակալություն եմ հայտնում ժյուրիին՝ իսկապես բարձր գնահատականի համար։ Մի քանի խոսքով ասեմ՝ մեր թիմի հետ ժամանակին եկել էինք այն համոզման, որ մեծ անարդարություն է այն, որ ժամանակակից ռուս դիվանագետների մասին ֆիլմեր չկան՝ մարդկանց, որոնք աշխարհում հսկայական աշխատանք են կատարում։ Հատկապես մեր օրերում, երբ բոլորդ գիտեք, թե ինչ հասարակական-քաղաքական իրավիճակ է տիրում։

Սկզբում սկսվեց դեսպանատան մասին ֆիլմի աշխատանքը, ապա ծնվեց «Վարշավա’21» նախագիծը, և այսօր հենց ժամանակն է բացահայտելու գաղտնիքը։ Ապրիլի 29-ին Okko հարթակում կկայանա «Վարշավայի» շարունակության՝ «Բեռլին’23»-ի պրեմիերան։

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ համապրոդյուսեր Միխայիլ Վոլոբուևին, հրաշալի դերասաններ Դմիտրի Միլլերին և Դմիտրի Կուլիչկովին, ռեժիսոր Ֆելիքս Գերչիկովին, սցենարիստ Ռենատ Խայրուլլինին, օպերատոր Անտոն Կոստրոմինին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծում։ Եվ, իհարկե, մեծ շնորհակալություն Okko հարթակին՝ քաղաքական նախագծի նկատմամբ ցուցաբերած ուշադիր և նրբանկատ վերաբերմունքի համար (իսկ սա իրականում քաղաքական կինո է, որն այսօր շատ քիչ է)։ Նրանց շնորհիվ այս նախագիծը կյանքի կոչվեց և շարունակվում է», — մրցանակը՝ հնգաթև աստղի տեսքով արձանիկը, Ռուսաստանի Գրողների միության ներկայացուցչից ստանալիս ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նշենք, որ կինոմրցանակաբաշխությանը ներկայացվել էր 532 նախագիծ, իսկ պարգևատրումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ 19 անվանակարգերում։

Leave a Comment