Քայլեր որ կաներ ցանկացած իշխանություն, եթե լիներ ազդեցության գործակալ․ «Կարճ ասած»

Ո՞րն է ազդեցության գործակալը․ այն անձն է, կազմակերպությունը կամ ցանցը, խումբը, որը գաղտնի կամ կիսագաղտնի կերպով գործում է մեկ այլ պետության, ուժի շահերից ելնելով՝ նպատակ ունենալով ազդել հասարակական կարծիքի, քաղաքական որոշումների, մեդիայի, պետական քաղաքականության վրա։ Ազդեցության գործակալը պարտադիր չէ, որ լրտես լինի, գաղտնի տեղեկություն փոխանցի։ Նրա հիմնական գործառույթը մտքերի, դիրքորոշումների և որոշումների վրա ազդեցություն գործադրելն է, կրկնում եմ՝ այլ պետության, ուժի, կենտրոնի շահերից ելնելով։  Ազդեցության գործակալը կարող է տարածել քարոզչական որոշակի թեզեր, պաշտպանել կոնկրետ երկրի կամ ուժի քաղաքական օրակարգը, այլ պետության շահերից ելնելով փոխել օրենքներ, բռնաճնշումների գնալ և այլն։ Ազդեցության գործակալ կարող են լինել քաղաքական գործիչները, լրագրողները, բլոգերները, վերլուծաբանները, հասարակակա»ն գործիչները, փորձագետները․ բայց որ ամենասարսափելին է՝ իշխանությունը կամ նրա առանձին անդամներ, պետության մեջ իշխող կուսակցությունը։

Երբ իշխանության խոստացածն ուրիշ է, իրական քաղաքականությունը ուրիշ է, հայտարարությունները հակասում են գործողություններին, երբ ճնշվում են անկախ լրատվամիջոցները, երբ թուլացվում է դատական անկախությունը, երբ ճնշվում են քննադատները, երբ պետության, ժողովրդի հիմքերին հարված է հասցվում, դա տեղավորվում է  այդ եզրույթում։ Ազդեցության գործակալ է, երբ ուղղորդվում է արտաքին ուժի կողմից և գիտակցված աշխատում այլ պետության շահերի համար։ Այդպիսի իշխանությունը անվտանգային սպառնալիք է պետության և ժողովրդի համար, հատկապես պաշտպանության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում գործունեությամբ։ Դա կախյալ իշխանությունն է, որի որոշումները մեծապես պայմանավորված են արտաքին կենտրոններով։ Արտաքին ազդեցության տակ գտնվող կառավարությունն է, երբ դրսից ճնշում են կամ ուղղորդում։ Իշխանություն, որը  սպասարկում է այլ պետության ռազմավարական շահերը։ Այդ իշխանությունը նվազեցնում է  երկրի սուվերենությունը։ Բայց ազդեցության գործակալի ամենակարևոր ու ամենավտանգավոր բանն այն է, որ նրա որոշումներից, գործողություններից և ոչ մեկը չի բխում ո՛չ պետության, ո՛չ հասարակության շահերից։

Ժողովուրդ ջան ես ընդամենը տվեցի ազդեցության գործակալի բնորոշումը, դուք կարող եք անել համեմատություններ, հետևությունները՝ Հայաստանում իրավիճակի հետ համընկնումներ կա՞ն, թե ոչ։ Ես ընդամենը վերլուծում եմ։ Այս իշխանության գործողություններում, որոշումներում կա՞ն բաներ, որոնք բխում են այլ պետությունների շահերից, ուղիղ հրահանգներով քայլեր, քարոզչական թեզեր։ Իմ տեսանկյունից՝ «Շուշին մերը չէր» արտահայտությունը կամ՝ «Այս պահին մեր տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ» արտահայտությունը մաքուր թշնամական թեզ է, բայց դա ասել են ՀՀ իշխանության ներկայացուցիչները։ երբ էնտեղից ասում են՝ փոխեք սահմանադրությունը, այստեղ ասում են՝ այո, կփոխենք, բայց դա ձեր ասելով չէ, բայց անպայման կփոխենք, այ դա կախյալ իշխանության թեզ է։ Երբ արտաքին կենտրոնները որոշում են, թե Հայաստանը ում հետ բարեկամանա, ում՝ թշնամանա, դա արտաքին ազդեցության տակ գտնվող կառավարում է։ Երբ տարբեր երկրների իշխանություններ հայտարարում են ընտրություններում այդ երկրի իշխանությանը սատարելու մասին, դա, կարծում եմ, ազդեցության գործակալի տրամաբանության մեջ է։

Հայաստանի այսօրվա իշխանությունը անում է բաներ, որոնք ապօրինի են, բայց անում է իր իշխանության երկարաձգման համար, իր նեղ շահերից ելնելով, բայց երբեք՝ ոչ ժողովրդի։ Հայաստանի այսօրվա իշխանությունը նաև անում է բաներ, որոնք հա՛մ իր շահերին են համընկնում, հա՛մ թշնամու, բայց դարձյալ՝ ոչ ժողովրդի։ Սա էլ է բացառիկ դեպք, որ իշխանության ու թշնամիների շահերը համընկնում են։ Հայաստանի այսօրվա իշխանությունը նաև բաներ է անում, որոնք բոլորովին չեն բխում իր շահերից, բայց բխում են թշնամիների, այլ պետությունների շահերից։

Մի քանի օրինակ բերենք։ ԱՄՆ նախագահի տեղակալի՝ Հայաստանից գնալուց անմիջապես հետո մեր երկրում տեղի ունեցան նոր բռնաճնշումներ․ խուզարկություններ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի անդամների, համակիրների բնակարաններում, ձերբակալություններ, տնային կալանք և այլ խափանման միջոցներ։ Բռնաճնշումները Հայաստանում արդեն մի քանի տարի թափով ընթանում են․ չենք էլ հարցնում ինչու․ էդտեղ ժողովրդի, պետության շահը բոլորովին չկա, ուղղակի իշխանությունը ճնշման գործիք է օգտագործում քաղաքական հակառակորդների դեմ։ Կա՞ մեկ հոգի, որին սրանք բռնել են՝ հանուն պետության ու ժողովրդի։

Սամվել Կարապետյանի կալանքը ո՞ւմ շահերից է բխում․ պետությա՞ն, ժողովրդի՞։ Իհարկե՝ ոչ։ Էն, որ հայ ամենամեծ բարերարներից մեկը բանտում է, հայ ժողովրդի շահը ո՞րն է էդտեղ։ Որ խոշոր գործատուներից մեկը ճնշվում է, նրա բիզնեսները ճնշվում են, պետության շահը ո՞րն է։ Իշխանության շահից, այո, բխում է բայց զուտ՝ նեղ խմբակային տեսանկյունից, քանի որ քաղաքական հակառակորդ է․ պետությանը վնաս է նրան կալանավորելը, բայց իշխանական ուժին օգուտ է։ Ու նաև բխում է թշնամու շահից, որը Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այսինքն՝ համընկնում են ՔՊ-ի ու Ադրբեջանի շահերը։ Նույնն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում․ կալանավորեցին, հիմա էլ քրգործի տակ է, որը հաստատ ո՛չ պետության շահերից է բխում, ո՛չ ժողովրդի։ Լուրջ քաղաքական հակառակորդ է, ՔՊ-ին վնաս, ու Ադրբեջանն էլ հայտարարել է հետախուզում։ Ադրբեջանը հետախուզում է, դու բռնում ես, կարծես պասերով խաղ լինի։

Հարկային տեռորը ո՛չ պետության շահերից է բխում, ո՛չ ժողովրդի, բայց դրանով լուծում է իշխանության ֆինանսկական կայունության հարց, ու նաև բխում է թշնամու շահերից, քանի որ Հայաստանում թույլ, խեղճ, աղքատ հասարակությունը թշնամու համար փառահեղ է։

Սփյուռի նկատմամբ այս իշխանության գործողութունները, հալածանքը, անտեսումները, ո՞ւմ շահերից են բխում, Հայաստան պետությա՞ն։ Իհարկե՝ ոչ։ Ժողովրդի՞։ Անշուշտ ոչ։ Ավելին ասեմ, իշխանության շահերից էլ չեն բխում, որովհետև Սփյուռքը հայրենիքում ներդրում անելու պլաններն էլ է փոխում, գալ-բնակվելու պլաններն էլ, օգնության պլաններն էլ, դրսում մեծ ուժ է Հայաստանի համար՝ իր ազդեցության գործիքներով։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու էս վիճակը։ Թուրքիային։ Բացառապես նրանց շահերից է, որոնք միլիարդներ են ծախսում պետական մակարդակով պայքարելու համար հայկական Սփյուռքի դեմ։

Հայաստանում բանակի կրճատումը, զենքի ձեռք բերման կրճատումը, դրանով էլ՝ մեր ազգային անվտանգության թուլացումը ո՞ւմ շահերից է բխում․ իհարկե՝ թշնամիների։

Երկու տասնյակ հոգևորականի դեմ քրեական գործ է հարուցված, 4 սրբազան կալանքի տակ է․ դա ո՞ւմ շահերից է բխում, ժողովրդի՞, պետությա՞ն, իշխանությա՞ն։ Անգամ ՔՊ-ի շահերից չի բխում․ որովհետև եկեղեցին քաղաքական հակառակորդ չէ և չի կարղ լինել․ հետևաբար՝ նաև ՔՊ-ի շահերից չեն բխում էս գրոհները, որովհետև առնվազն հասարակական ռեակցիան հակառակի մասին է խոսում։ Բայց անում են, չնայած որ մաքուր թուրքական ու ադրբեջանական շահ է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամբողջ աշխարհում Հայաստան պետությունը լրացնող, ազգային կրթություն, հայապահպանություն իրականացնող լուրջ կառույց է։ Նրա դեմ գործողությունը միայն թշնամուն է օգուտ։

Ժողովուրդ ջան, էսքան համեմատությունը արդեն լուրջ ցուցիչ է, կարծում եմ։ Այս իշխանությունն անում է մեր երկրի ու ազգային շահին վնաս ակնհայտ գործողություններ։

Կարճ ասած՝ չեմ զարմանում, երբ Թուրքիան, Ադրբեջանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն Նիկոլ Փաշինյանին աջակցում են առաջիկա ընտրություններում։ Այդ բոլոր երկրների շահերը Հայաստանում պաշտպանված են։ Բայց Հայաստանում մեր պետության, մեր ժողովրդի շահերը պաշտպանցվա՞ծ են։ Ոչ ու ոչ։  

Այս իշխանության ռազմավարական որոշումների մեծ մասը համընկնում է օտար տարբեր պետությունների, թշնամի պետությունների շահերի հետ։ Ես չեմ հաստատում, ես վերլուծում եմ, ինչը կարող եք անել դուք, ինձնից լավ։ Բայց այս իշխանության հեռացումից հետո արդեն կերևա՝ այս վերլուծությունները հիմնավորվո՞ւմ են, թե ոչ, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթերով, փաստաթղթերի տողատակերով, չհրապարակված համաձայնագրերով, արտաքին քաղաքական պարտավորություններով։ Բացահայտմանը, կարծում եմ, քիչ մնաց։

Սևակ Հակոբյան

Leave a Comment